Արթուր Ղազարյան. «Մեր ծրագիրը շատ ավելի իրատեսական է, պրակտիկ»

«ժողովրդի իրավագիտակցությունը բարձրացնելու համար համակարգային մոտեցումներ են անհրաժեշտ»
artur-ghazaryan

Yerkir.am-ի զրուցակիցն է 2017թ. ԱԺ ընտրություններում Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՅԴ-ի կողմից առաջադրված վարկանիշային թեկնածու Արթուր Ղազարյանը:

-Ռեյտինգային ընտրակարգով` թեկնածուները պայքարում են և’ կուսակիցների, և’այլ կուսակցությունների թեկնածուների հետ: Դաշնակցությունը 100% համամասնական ընտակարգի կողմնակից էր, սա ձեր պատկերացրած համամասնական ընտրակա՞րգն է:

— Երբ Դաշնակցությունը խոսում էր 100% համամասնական ընտրակարգի մասին, բնականաբար, սա չէր մեր ակնկալիքն ու ուզածը: Բայց այսօր  այս համակարգին գնահատական տալը կլինի անշնորհակալ գործ, որովհետև պետք է սպասել ու տեսնել` ընտրություններից հետո այս մեխանիզմը, Ընտրական օրենսգիրքը որքա՞ն է իրեն արդարացնում,  ընտրություններից հետո, դրական, բացասական կողմերը ի մի բերելով, նոր միայն հստակ կարելի է ասել` այս մեխանիզմը քաղաքական ուժերի, հասարակության ուզա՞ծն էր, թե՞ ոչ: Հետագայում եթե լինի բարեփոխումների կարիք, իսկ ես վստահ եմ, որ կլինի, օրենսգիրքը կվերանայվի:

-Այս փուլում էլ ականատես եղանք, որ այսընտրակարգը հանգեցրեց դանակահարությունների, թիմակիցը թիմակցի դեմ դուրս եկավ:

— Դրանում Ընտրական օրենսգիրքը չէ մեղավոր: Անկեղծ լինենք` Հայաստանում բացակայում է քաղաքական մշակույթը, իսկ դրա բացակայությունը հանգեցնում է  նման միջադեպերի: Ընտրական օրենսգիրքն այստեղ կապ չունի, նախկին ընտրական օրենսգրքերն էլ իդեալական չեն եղել, բոլորի շահերից չեն բխել, բայց, այդուամենայնիվ, նման միջադեպեր եղել են ու կլինեն, քանի դեռ քաղաքական մշակույթն այն ձևավորումը չի ստացել հայ հասարակության շրջանակներում, որ գիտակցեն` ընտրությունների ժամանակ չի կարելի իրար հայհոյել, չի կարելի իրար միս ուտել, չի կարելի ընտրակաշառք բաժանել, ի վերջո, մենք մի ազգ ենք, մի բռունցք ենք և դա պետք է որպես ելակետ ունենանք ու դրանով մտնենք ընտրապայքարի մեջ:

-Ազգային ժողովում Ձեզ տեսնո՞ւմ եք: Ի՞նչ բացեր ունի հիմա ԱԺ-ն, որ կուզենայիքշտկել:

-Ես Դաշնակցության անելիքն եմ տեսնում Ազգային ժողովում, և, Դաշնակցության մի մասնիկը լինելով, ասեմ, որ Դաշնակցությունը մեծ անելիքներ ունի և փոքր խմբակցությամբ էլ անում է: Այ սա է ստիպում մտածել, այն համոզմանը գալ, որ մենք անելիք ունենք, և մեր անելիքները բխում են հայ քաղաքացու, հայ հասարակության, Հայաստանի շահերից, Արցախի շահերից, Սփյուռքի շահերից: Այսօր դժվար թե կարողանանք մի քանի րոպեի սահմանում թվարկել երկրում ծառացած բոլոր խնդիրները. պաշտպանություն, անվտանգություն, կրթություն, գիտություն, առողջապահություն, սոցիալական, բնապահպանական ոլորտներ` այս բոլոր ոլորտներում Դաշնակցությունն անելիք ունի: Ես տեսնում եմ` այդ բացը կա Ազգային ժողովում, և այդ բացը, ամպագոռգոռ չլինի, բայց վստահ եմ, որ Դաշնակցությունը կարող է լրացնել` մեր ծրագրով, մեր գաղափարախոսությամբ: Իսկ Արթուր Ղազարյանը կուսակցության մի մասնիկն է: Ես կարծում եմ, որ, որպես երիտասարդ, կտամ այն նոր միտքը, այն նոր շունչը, որը կծառայի ի նպաստ հայրենիքի, ի նպաստ մեր հասարակության ու ժողովրդի:

-Նախընտրական ծրագրերը երբեք վատը չեն լինում, ինչո՞ւ պիտի ընտրողը նախապատվությունը տա հենց ձեր ծրագրին:

-Մեր ծրագիրը, ի տարբերություն մյուս ծրագրերի, շատ ավելի իրատեսական է, շատ ավելի պրակտիկ, պարունակում է մարտավարություն, որը հետագայում հանգեցնելու է  ռազմավարության` լուծելու այն խնդիրները, որոնք այսօր չոքել են հայ հասարակության դռանը: Մեր ծրագիրը թիրախավորել է այն ոլորտները, այն շերտերը, որոնց խնդիրները բազմաթիվ են և հանգեցնում են թե’ երկրից արտագաղթի, թե’ անվստահության, թե’ նիհիլիզմ երևույթի տարածման, հատկապես` հայ երիտասարդության շրջանում: Սա մեծագույն չարիք է այսօր, և այս երևույթներն է, որ Դաշնակցությունը թիրախ է համարում, և պատահական չէ, որ շեշտում է երիտասարդության գործոնը հիմա և ապագայում:

-ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագիրը կօգնի՞, թե՞ կխանգարի ձեր քաղաքական ուժին. խորհրդարանական ընտրություններում գուցե ձայների կորուստ լինի, կամ` հակառակը:

-Ի տարբերություն մնացած բոլոր ուժերի, որոնք այս կամ այն չափով տարիների ընթացքում իշխանություն են կիսել, Դաշնակցությունը երբեք չի նույնականացվել իշխող կուսակցության հետ: Հասարակությունը Դաշնակցությանը երբեք չի դիտարկել որպես կցորդ: Դաշնակցությունը եղել և մնում է այն եզակի քաղաքական ուժը, որն իր դեմքն ունի, իր սկզբունքներն ունի, որը պահում է  թե’ ընդդիմադիր կարգավիճակում, թե’ իշխանության հետ կոալիցիոն կարգավիճակում: Հասարակությունը տեսնում է այս ամենը, և երբ փորձագետները, քաղաքագետները կամ տարատեսակ մասնագետները փորձում են մեզ գնահատականներ տալ, դա չէ, որ մենք պետք է հենք ընդունենք: Հասարակությունը, ժողովուրդը գնահատական կտա, իսկ հասարակության գնահատականը, վստահ ենք, կլինի ապրիլի 2-ին, և մենք կտեսնենք` որքանով կազդի մեր ռեյտինգի վրա վերջին մեկ տարվա կոալիցիոն հուշագիրը:

— Մեր հասարակության իրավագիտակցությունն այն բարձունքին չէ, որ ընտրություն կատարի քաղաքական ուժերի ծրագրերի, գաղափարների միջև, կա ընտրակաշառքի գործոնը, և այս ֆոնին ձեր կուսակցության անելիքը ո՞րն է լինելու:

— Ընտրակաշառքի հարցում անելիք ունեն բոլոր կուսակցությունները` հավաքական առումով: Այստեղ մեծ աշխատանք պիտի արվի և այդ գիտակցության մեջ ճշգրիտը տեղ հասցվի: Մենք երբեք չենք խուսափում ընդունել մեր սխալներից, մենք եզակի ուժերից ենք, որ ամենաշատն ենք ինքնաքննադատությամբ ներկայանում, երբեք կառչած չենք լինում մեր այն քայլերից, որ գիտենք` դինամիկ են, որ պետք է փոխվեն, հասարակության պահանջով պետք է վերանայվեն: Ոչ, մենք կառչած ենք մնում մեր սկզբունքներից, մեր գաղափարախոսությունից, մեր հիմնական նպատակներից: Իսկ ժողովրդի իրավագիտակցությունը բարձրացնելու համար համակարգային մոտեցումներ են անհրաժեշտ:

-Գուցե իշխանություններին պետք է ունենալ հենց նմա՞ն հասարակություն` ոչ իրավագիտակից, աղքատ,  քանի որ այդպիսի հասարակությանն ավելի հեշտ է կառավարել:

— Իշխանությունն ինչո՞ւ պետք է ցանկանա ունենալ նման հասարակություն, չէ՞ որ մի օր այն պատուհաս կդառնա, չէ՞ որ մի օր կարող է պետականության կորստի առջև կանգնենք, չէ՞ որ մի օր  մեր պետությունը կարող է կանգնել մշուշոտ ապագայի առջև, եթե նման կերպ մտածի իշխանությունը: Գուցե դրսից ինչ-որ ուժեր են փորձում հասարակությանն այդ վիճակում պահել, պարտադրել այդ վիճակը,  նրանց ձեռնտու կարող է լինի, բայց ոչ` երկրի իշխանությունը: Ես այդպես եմ մտածում, ես դրանում համոզված եմ:

-Առաջադրվել եք թիվ երկու ընտրատարածքում, որտեղ այնպիսի անուններ կան, որոնց հետ պայքարելը դժվար կլինի: Խոսակցություններ կան, թե մարդկանց են բերում` այդտեղ գրանցում, խոսվում է ընտրակաշառքի մասին: Այս ֆոնին Ձեր և Ձեր թիմի առաջարկը ո՞րն է:

-Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ստարտային վիճակում է,  շատ ավելի բարվոք վիճակում է` հասարակության մի ստվար հատված կիսում է մեր գաղափարները, ընկալումները, մոտեցումները, ծրագրային դրույթները, մեր տեսակը: Սակայն երբ մոտենում ենք ընտրություններին, տեսնում ենք ինչ-որ մի հանելուկային բան, ինչ-որ մի հնարք` փոխվում է հասարակության պահանջմունքը, և  վերջում այլ բան է ստացվում: Դա խոսում է  երկու գործոնի մասին` առաջին` հստակ աշխատել է ընտրակաշառքի մեխանիզմը, երկրորդ` աշխատել է վախի մթնոլորտը: Մենք այստեղ անելիք ունենք, որ այս երկու գործոնը մեր հասարակության միջից վերացնենք, որպեսզի մենք քիչ, թե շատ ունենանք ընտրությունների ռեալ, օբյեկտիվ պատկեր, որ եթե հասարակությունը նույնիսկ ռացիոնալ ընտրություն չանի, ապա խղճով, իր ներքին թելադրանքով ընտրությունն անի: Պետք է փորձենք հասնել դրան: Դա շատ դժվար է, բայց անլուծելի էլ չէ:

-Չե՞ք վախենում ընտրությունը ձախողելուց:

-Բացարձակապես` ոչ: Ոչ թե լավատես եմ, այլ վստահ եմ, որ նման ձախողում չի լինելու: 127 տարի այդ վստահությունը կա Դաշնակցության մեջ, վստահաբար եմ ասում, որ մենք այդպիսի մտավախություն չունենք: Միգուցե երիտասարդ թեկնածու եմ, մի քիչ ավելի մաքսիմալիստ եմ, բայց չեմ կարծում, որ ապրիլի 3-ին մենք տխրելու առիթ կունենանք: Կլինեն ուժեր, որոնց համար ձախողման օր կլինի, բայց մենք հաստատ Ազգային ժողովում լինելու ենք, սա ես արդեն խոսում եմ Դաշնակցության ընտրազանգվածի անունից, որովհետև, ի տարբերություն բազմաթիվ այլ ուժերի, այլ թեկնածուների, ես մարդկանց հետ շփվում եմ, գնում եմ մարդկանց տները: Գիտե՞ք` ցավալին որն է, երբ հասարակությունը այս կամ այն ձևով ձայն է տալիս ինչ-որ թեկնածուի, բայց իրականում այդ ձայն տվողների մի ստվար զանգված նրան նույնիսկ դեմքով չի տեսել, սա է ցավալի:  Մեր բոլոր ռեյտինգային թեկնածուները հասարակության հետ շփվող են: Մեզ մոտ այդ մշակույթը վաղուց կա: Կարող եմ հիշել` 2008 թվականն էր նախագահական ընտրություններին Վահան Հովհաննիսյան թեկնածուն այցելում էր տարբեր համայնքներ, այցելում էր մարդկանց տներ, գնում էր հյուրի կարգավիճակով, զրուցում նրանց հետ, և մարդիկ տեսնում էին, որ նախագահի այս թեկնածուն` Վահան Հովհաննիսյանը, հասարակության մի մասն է: Հիմա էլ մեզ մոտ այդպես է ընդունված` սկսած առաջին համարից: Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Դավիթ Լոքյանը հասարակության համար հասանելի են, նրանց դռները բաց են, և հակառակը` մարդիկ իրենք են պատրաստ են գնալ նրանց մոտ, նույնիսկ` անհատական հանդիպման:

-Ձեր ընտրատարածքում Ձեր թիմակիցների միջև մրցապայքար կա՞, ինչպիսին տեսնում ենք  մյուս կուսակցությունների թիմակիցների միջև:

— Չէ: Մեզ մոտ բարի նախանձ է (ծիծաղում է): Մեր ընդհանուր գործը Դաշնակցության համար է: Ավելին ասեմ` դեռևս 2 ամիս առաջ, երբ այս խոսակցությունը բացվեց, որպեսզի այդքան մարդ չկենտրոնացնենք ռեյտինգային ցուցակում, ցանկացանք  մեր ընտրատարածքում առաջադրել մեկ կամ երկու թեկնածուի, որ ավելի ռեալ դառնան նրանց` խորհրդարան անցնելու շանսերը, մեր ընկերներից մեկն ասաց` կարո՞ղ է  ընտրական համակարգը լավ չեք պատկերացնում, բոլորս պետք է մեր գործն անենք, որը պետք է դառնա կուսակցության համար արված գործ: Ես միայն ուրախ կլինեմ, որ վերջին տեղում լինեմ մեր ռեյտինգային թեկնածուների շարքում, բայց մեր կուսակցությունը լուրջ դերակատարում ունենա Ազգային ժողովում:

 

Զրուցեց Ամալյա Առաքելյանը

*

*