Ոստիկաններին ծեծելու դեպքով հարուցվել է քրեական գործ

Միջադեպի հետևանքով ոստիկանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
qnnchakan-komite

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 03.02.2017թ.-ին Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությունում և Երևանի քննչական վարչությունում հարուցված երկու քրեական գործ:

ՀՔԾ-ի հաղորդմամբ, քրեական քործերից մեկի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով` բռնություն է գործադրվել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀԲ պետ Խաչատուր Պ.-ի, նրա տեղակալ Հակոբ Ա.-ի  և նույն բաժնի տեսուչ Տիգրան Դ.-ի նկատմամբ: Մասնավորապես, ըստ նախաքննական նյութերի, վերջիններս 24.06.2016թ.-ին ստացված ահազանգի  հիման վրա դեպքի վայր մեկնելու  ճանապարհին` Ղարսի խճուղու հատվածում, կանգնեցրել են ձայնային ազդանշանները միացրած և երթևեկության կանոնների խախտմամբ ընթացող «Մերսեդես Բենց» ու «Ֆոլսկվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաները, որոնց մեջ յոթ երիտասարդ այդ ընթացքում բղավում և հայհոյում էին: Ոստիկանության աշխատակիցները փորձել են կարգի հրավիրել երիտասարդներին, սակայն վերջիններս ի պատասխան հարձակվել են ոստիկանների վրա և ձեռքերով, ոտքերով ու քարերով հարվածել նրանց: Միջադեպի հետևանքով ոստիկանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է Հատուկ քննչական ծառայությունում:

Համաձայն ծառայության վարույթ ընդունված մյուս քրեական գործի մանրամասների` իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպք է արձանագրվել  նաև այս տարվա հունվարի 5-ին: Այսպես, նույն օրն իրենց ծառայողական պարտականությունները կատարող` ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ Հրաչյա Պ.-ն և Արթուր Հ.-ն, «Աֆրոդիտե» ակումբում գույքը վնասելու գործողությունները կանխելու նպատակով, ակումբից դուրս են հրավիրել Վահե Հ.-ին և Հարություն Խ.-ին: Վերջիններս, սակայն, չեն ենթարկվել իրենց կարգի հրավիրելու` ոստիկանների օրինական պահանջին և վիճաբանություն են հրահրել` ոտքերով ու ձեռքերով հարվածելով նրանց: Ծեծկռտուքի հետևանքով հիշյալ ոստիկանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Իշխանության ներկայացուցիչների նկատմաբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է Հատուկ քննչական ծառայությունում:

*

*