Շիրակի մարզում բնակարանամուտ է նշել 3 ընտանիք

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հաջողված համագործակցությունը շարունակվում է

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրը գործում է հինգերորդ տարին: Այդ ընթացքում Հայաստանի տասը մարզում 135 ընտանիք արմատապես փոխել է իր կյանքի որակը և այժմ բնակվում է բարեկարգ պայմաններում:

Համագործակցող կողմերի ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզի Նահապետավան գյուղում բնակվող Թորոսյաններին՝ երիտասարդ ընտանիքի հետ կիսելու նրանց ուրախությունը: Ծրագրի շնորհիվ Թորոսյանները ստեղծել են իրենց երազանքների տունը՝ հիմնովին վերանորոգելով այն:

«Տարիների երազանք է եղել հարմարավետ տուն ունենալը, սակայն հույսը շատ փոքր էր, որ երազանքը երբևէ իրականություն կդառնա: Իմ խորին երախտագիտությունն եմ ուզում հայտնել ընտանիքիս ապագան այսքան լուսավոր, բարեկարգ ու ապահով դարձնելու համար»,- ասել է ընտանիքի հայրը՝ Ռուդիկը:

Շիրակի մարզի տարբեր համայնքներում՝ Գյումրի քաղաքում, Նահապետավան և Սարալանջ գյուղերում, այս տարվա ծրագրով աջակցություն է ստացել 3 ընտանիք:

«Յուրաքանչյուրը կարող է օգտակար լինել ինչ-որ հարցում: Կարևորը՝ հնարավորությունների սահմանը ճիշտ գնահատելն է և համախմբվելը: Մեր ճանապարհն ու միասին արձանագրած արդյունքը դա են վկայում: Այս ծրագրի համար եղել է ոչ միայն նյութական, այլև տարբեր ընտանիքներից և աշխատավայրերից կամավորագրված մարդկանց ֆիզիկական աջակցություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» կարող էին ծրագրեր իրականացնել առանձնաբար: Միավորվելը, սակայն, արդյունավետ է և՛ հաջողված համագործակցության օրինակի, և՛ առավելագույն թվով մարդկանց օգնելու առումով: Այս համագործակցությունն արժեքավոր է: Իսկ ամենամեծ երջանկությունը մեր հայրենակիցներին առանց հոգսերի տեսնելն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մեր աշխատանքում ամենաբերրի ժամանակն աշունն է, երբ շինարարական տարվա ավարտին կարողանում ենք կիսել ոչ միայն ընտանիքի հոգսը, այլև ուրախությունը: Ամեն անգամ, նոր ընտանիքի բնակարանամուտի մասնակիցը լինելով, ավելի ու ավելի եմ համոզվում, որ միասին կարող ենք շատ բան փոխել ոչ միայն կոնկրետ ընտանիքների համար, այլև համայնքի ու հայրենիքի»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ընթացիկ տարում ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ  105 մլն. դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի համար: Իսկ հինգ տարվա ընթացքում այդ գումարի  չափը գերազանցել է 333 մլն դրամը:

*

*