LED լուսարձակների տեղակայումը՝ համայնքային բյուջեի տնտեսման միջոց

Շնողում ակտիվ աշխատանքներ են իրականացվում
vivacell

Լոռու մարզի  Շնող  գյուղի անվան ծագումնաբանությունը կապվում է հողը շենացնելու և կառուցելու հետ: Գյուղում այդպես էլ ձգտում են ապրել, սակայն այստեղ կան գրեթե նույն խնդիրները, որոնք հատուկ են հեռավոր մարզերի բնակավայրերին: Դրանցից մեկը փողոցների լուսավորությունն է, որը համայնքը փորձել է լուծել, սակայն ցանկալի արդյունք չի արձանագրվել: Լուսավորվել է գյուղի որոշակի հատվածը, իսկ ծախսատար լապտերներն էլ շարքից  հաճախակի են դուրս եկել՝ առաջացնելով  նոր՝ ֆինանսական, խնդիրներ: Չարդարացված ծախսերը կրճատելու և լուսավորության խնդիրը լուծելու համար, Շնողին աջակցել են գործընկեր կառույցները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Մարզերում ենթակառուցվածքների զարգացումն ու էկո-կենսակերպի խրախուսումը կարևոր համարող գործընկերները, Գուգարաց լեռնաշղթայի արևելյան մասում էգտնվող այս գյուղում սկսել են LED լուսարձակների տեղակայման աշխատանքները:

Ծրագրով նախատեսվել է լուսավորել 1,4 կմ երկարությամբ հատված, սակայն ուսումնասիրությունների փուլում որոշակի ներդրում կատարելու պատրաստակամություն է հայտնել նաև համայնքը: Դրա շնորհիվ, նախապես հաշվարկվածի փոխարեն՝ լուսավորվող հատվածի երկարությունը հասել է 1.8 կմ-ի: Տեղում կա այն գիտակցությունը, որ եղած միջոցներն արդյունավետ կառավարելու հիմքերը պետք է սկսել խնայողությունից: Հին և ոչ լիրաժեք լուսատուներն այդ ամենն անհնար էին դարձնում: LED լուսատուները խնայողության, բնապահպանական արդյունքի և լույսի որակի տեսանկյունից, առայժմ անգերազանցելի են:

«Ընթանում է համակարգի ներդրման ավարտական փուլը: Տեղադրված հենասյուների վրա իրականացվում են հոսանքալարերի մոնտաժման և լուսարձակների տեղադրման աշխատանքները: Գյուղում տեղադրվելու է էներգախնայող 47 LED լուսարձակ: Շահագործման հանձնելուց հետո, հնարավոր կլինի համեմատել և իմանալ փոփոխությունից հետո արձանագրված արդյունքը»,- ասել է ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը:

«Աշխատանքներն ավարտին հասցնելուց և համակարգը շահագործելուց հետո, կարող ենք հստակ հաշվարկել ու հասկանալ հին և նոր՝ LED լուսարձակների ծախսային տարբերությունը: Թեև արդեն իսկ համոզված ենք, որ ծախսը քիչ է լինելու: Ցանկալի կլինի, որպեսզի ապագայում LED-երով փոխարինվեն նաև երկրորդական փողոցների լուսարձակները: Հին լուսատուները շատ արագ դուրս են գալիս շարքից, միշտ առաջանում է դրանք նորերով փոխարինելու անհրաժեշտություն, ինչը հանգեցնում է հավելյալ ծախսերի»,-ասել է Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

Մայրաքաղաքից շուրջ 200 կմ հեռավորության վրա գտնվող Շնող գյուղում, աշխատանքային իրարանցումը ոգևորությամբ է ընդունվում: Կա այն վստահությունը, որ հեռավոր գյուղն անտեսված չէ, նորարար տեխնոլոգիան հասանելի է նաև այստեղ և վերջապես՝ խնայողությունը զգալի արդյունքը կտա համայնքի բյուջեին:

«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին

VivaCellMTS2 (1)էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:
Էկոգյուղերիհայեցակարգի հիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

FPWC-ի մասին

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։

Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։

Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

*

*