30 տարի՝ հակառակորդի կրակոցներից վնասված վագոն-տնակում

Կոթիում բնակվող Բեջանյանների ընտանիքը մինչև տարեվերջ կազատվի երկաթյա վագոն-տնակից
Sequence 01.00_02_22_06.Still018 (1)

Կոթիում բնակվող Բեջանյանների ընտանիքը մինչև տարեվերջ կազատվի երկաթյա վագոն-տնակից ու դրա հետ կապված ծանր հիշողություններից: Իսկ դրանք բավականին շատ են և տխուր: 55-ամյա Բաբկենի կյանքի մեծ մասը մետաղյա վագոնում է անցել: Երեք զավակների ու կնոջ հետ ստիպված  է եղել դիմանալ ոչ միայն կացարանի անհարմարությանը, այլև հակառակորդի՝ տարիներ շարունակ չփոխվող ձեռագրին՝ հրետակոծությանը: Դրանցից ժամանակին հրաշքով է փրկվել օրորոցում պառկած մանկահասակ աղջիկը, ով հայրական տուն համարվող երկաթյա կացարանին հրաժեշտ է տվել ամուսնանալուց հետո միայն:  

Սահմանապահ Կոթիում կրակոցների ձայնը, ցավոք սովորական է դարձել: Բեջանյանների վագոն-տնակի մետաղյա պատերին բացված բազմաթիվ անցքերն այդ ամենի լուռ վավերագրողն են եղել: Ընտանիքի մայրը՝ Նունեն, կրած ապրումների և ծանր հոգսերի դիմաց հատուցել է առողջության կորստով: Այժմ փոքր-ինչ հանգիստ է Հայաստանից դուրս բնակվող դստեր համար, բայց կարոտում է նրան: Որդիներին՝ 30-ամյա Գարիկին և գրեթե հասակակից Գուրգենին ուզում է տեսնել հոր կողքին՝ ամուր թիկունք դարձած, նոր ընտանիք կազմած, բայց՝ ապահով տանիքի տակ: Նրանց ամուսնության հարցն անգամ չի քննարկվում՝ պայմանների բացակայության պատճառով:

Բեջանյանների ապրուստի միջոցը հողագործությունն է, սակայն հակառակորդի նշանառության տակ այն ոչ միայն վտանգավոր է, այլև եկամտաբեր չէ: Տուն կառուցելու միտքն ընտանիքի հորը հանգիստ չի թողել, սակայն նրան չի հաջողվել գոնե մասամբ լուծել խնդիրը: Երազանքը մեկն է. քարե տուն ունենալը:

«Կյանքիս մեծ մասն անցել է…երկաթե վագոնում հանգիստ քնել չեմ կարողացել: Ուզում եմ, որ տղաներս չանցնեն էդ ամենի միջով և երբ ամուսնանան, մտածեն ոչ թե հոգսերի կամ երկրից հեռանալու, այլ զավակներ ունենալու և գյուղը շենացնելու մասին: Չգիտեմ ինչու, բայց մտածում եմ, որ մի բարի դուռ էլ մեզ համար կբացվի»,- ասել է ընտանիքի հայրը՝ Բաբկենը:

Բեջանյանների ընտանիքին աջակցելու պատրաստակամություն են հայտնել բնակարանաշինության ծրագրով ավելի քան տասնամյա գործընկեր դարձած կազմակերպությունները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Կողմերն սկսել են քայլեր ձեռնարկել՝ մինչև տարեվերջ Բեջանյանների երազանքն իրականացնելու ուղղությամբ:

*

*