Բյուրականի աստղադիտարանի հետ գործակցող երկրների աշխարհագրությունն ընդլայնվում է

Արդեն 71 տարի գործող Բյուրականի աստղադիտարանին
astghaditaran

Տասնամյակներ առաջ Վիկտոր Համբարձումյանին հաջողվեց համաշխարհային աստղաֆիզիկայում ստեղծել նոր ուղղություններ, ապացուցելով, որ շարունակում են նոր աստղեր ծնվել, որ գոյություն ունի գալակտիկաների միջուկների ակտիվություն, որ կարևոր է անկայուն երևույթների ուսումնասիրությունը և այլն: Այդ ուղղությունները ոչ միայն այցեքարտ դարձան՝ միջազգային ճանաչում բերելով Բյուրականի աստղադիտարանին, այլև սկսեցին մշակվել ամբողջ աշխարհում:

Արդեն 71 տարի գործող Բյուրականի աստղադիտարանին գիտության նվիրյալների շնորհիվ հաջողվում է պահպանել ճանաչված գիտական կենտրոնի հեղինակությունն ու արձանագրել նոր հաջողություններ: Այսօր Միջազգային աստղագիտական միության որոշմամբ, աշխարհում գործում է աստղագիտության զարգացման տարածաշրջանային 8 կենտրոն: Դրանիցի մեկը Բյուրականի աստղադիտարանն է, որին 2015թ.-ից անդամակցող երկրների աշխարհագրությունը շարունակաբար  ընդլայնվում է. Իրան, Վրաստան, Տաջիկստան, Ղազախստան, իսկ վերջերս՝ Երևանում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտաժողովի ժամանակ, հայտարարվեց նաև Թուրքիայի միանալու մասին:

Բյուրականի աստղադիտարանում հիմնարար հետազոտությունների հիմնական ուղղությունը շարունակում է մնալ համբարձումյանականը՝ տիեզերքում անկայուն երևույթների հետազոտումը և տիեզերական օբյեկտների առաջացման մեջ դրանց նշանակության բացահայտումը: Դրան զուգահեռ սկսվել են նաև կիրառական հետազոտություններ։ Դրանց հնարավորությունն առաջացել է Բյուրականի գործունեության պատմության ընթացքում արձանագրված ձեռքբերումների շնորհիվ։ Մյուս կողմից, կիրառական հետազոտությունները թույլ են տալիս բյուջեից բացի այլ գումարներ վաստակել տարիների անգործությունից հետո վերագործարկված դիտակներն ու եղածը պահպանելու համար:

«Երկրաշարժից, ապա նաև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 90-ականներին գիտությունը հայտնվեց բավականին ծանր վիճակում. շատերը հեռացան աստղադիտարանից: Համբարձումյանը մինչև իր մահը շարունակում էր գալ աշխատանքի։ Նրա վարակիչ օրինակը պահեց այն գիտաշխատողներին, որոնց համար մասնագիտությունը նաև կենսակերպ էր: Գիտությանը նվիրվածությունն ու ուսուցչի, ավագ գործընկերոջ օրինակը պահպանեցին աստղադիտարանի հետագա գոյությունը: Սակայն գիտությունը չէր կարող զարգանալ առանց  Ֆինանսական ներդրումների: Բյուրականի աստղադիտարանին առաջինն օգնության հասան ֆրանսիացի գործընկերները՝ օգնելով վերականգնել 2.6 մ-անոց դիտակի աշխատանքը: Նույն 90-ականներին այդ մեծ դիտակի համար ընդունիչ սարքավորում հատկացրեցին ռուս գործընկերները։ 2000-ականների կեսերին արդեն, առաջին անգամ, պետբյուջեից բացիաստղադիտարանին աջակցեց ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ զգալի ներդրում կատարելով երեք տարբեր նպատակներով: Աստղադիտարանի կյանքում դա եզակի դեպք է դիտարկվում մինչև օրս, քանի որ  մասնավոր որևէ այլ ընկերություն այդպիսի լուրջ ներդրում այստեղ չի կատարել: Կարծես այն զարթոնք ապրեց: Նախորդ տասնամյակների ընթացքում հսկայական աշխատանք  իրականացրած, սակայն գրեթե չաշխատող (իսկ շատ հայտնի մեկ մետրանոց դիտակն առհասարակ չէր աշխատում) դիտակներն սկսեցին աշխատել: 2007թ.-ից սկսվեց մետրանոց դիտակի վերականգնումը: Նվեր ստացած գումարներով վերականգնվեցին 2.6 մ-անոց դիտակի կառավարման սենյակը, հեղուկ ազոտի ստացման համակարգը, առանց որի հնարավոր չէ դիտումներ իրականացնել: Ներգրավվեցին նոր երիտասարդ գիտաշխատողներ», — հիշում է աստղադիտարանը երկար տարիներ գլխավորած, ներկայում՝ փոխտնօրենի պարտականությունները ստանձնած Հայկ Հարությունյանը:

Ավելի ուշ՝ 2010-ականների սկզբիցԲյուրականում ռուսական «ՌոսԿոսմոս» գործակալության համար սկսվեցին կիրառական հետազոտություններ։ Այդ նախագիծի շրջանակում երկրաշուրջ տարածության մոնիտորինգ է իրականացվում մարդածին և բնական աղետների կանխազգուշացման նպատակով։  Երկիր մոլորակի շուրջը մեծ արագությամբ պտտվող արբանյակների, դրանց և հրթիռների մասերի կուտակման հետևանքով շուրջ 5000-6000 տոննա մետաղ է հավաքվել, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում բոլոր գործող արբանյակների համար։

Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը համարվող՝ Բյուրականի աստղադիտարանը, հավակնում է դառնալ նաև գիտական տուրիզմի խոշոր կենտրոն: Առաջիկա ծրագրերում նաև այցելությունների կազմակերպման համար մասնագիտացված կենտրոնի կառուցումն է:

*

*