Թաթուլ գյուղի խարխլված ու խոնավ կիսակառույցներից մեկը դարձել է նոր ու հարմարավետ բնակարան

Թաթուլ գյուղում ապրող Մկրտչյանների ընտանիքը տարիներ շարունակ մնացել է խարխլված կիսակառույցի մեջ:
viva (2)

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և  Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», բնակարանաշինության ծրագրով շարունակում են նպաստել ոչ միայն սոցիալական կարևոր խնդիրներից մեկի լուծմանը, այլև՝ ձգտում են հիմնովին փոխել մարդկանց կյանքը: Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում ապրող Մկրտչյանների ընտանիքը տարիներ շարունակ մնացել է խարխլված ու խոնավ պատերով, առանց տանիքի կիսակառույցի մեջ: Ամբողջովին բորբոսնած պատերը կարող էին առողջական լուրջ խնդիրներ առաջացնել ընտանիքի համար: Կրած վնասը, տանտիրուհու խոսքերով, եղել է ֆինանսական. տարիներ շարունակ՝ վնասվել է զգեստապահարանների սառած պատերին կպած հագուստը:

Վոլոդյան՝ ընտանիքի հայրը, հիշում է, որ կնոջ և երեխաների հետ, ստիպված է եղել ապրել խոնավ ու ցուրտ մի կիսակառույցում, որտեղ բացակայել են բնակարանային տարրական պայմանները: Սոցիալական պայմանների պատճառով, տասը տարի շարունակ, կիսակառույց տունը մնացել էր անավարտ:

«Երկար տարիներ ապրել ենք պանելային շինությունում. պատերը բարակ ու խարխլված, իսկ տանիքը հին ու վնասված։ Տաք ու հովից՝ ամբողջ տան պատերը խոնավացել ու բորբոսնել էին։ Ծրագրում ընդգրկվելուց հետո, գիշեր-ցերեկ աշխատել եմ՝ մեկ օր շուտ աշխատանքներն ավարտին հասցնելու մղումով։ Հիմա արդեն ունենք ամուր տանիք, տաք ու հարմարավետ բնակարան, իսկ խոնավությունը, կաթացող տանիքն ու բարակ պատերը մնացին անցյալում։ Անչափ շնորհակալ եմ այս մեծ աջակցության համար»,- ասել է Վոլոդյան:

Համագործակցության շնորհիվ, գործընկեր կազմակերպությունների ջանքերով լուծվել է ավելի քան  160  ընտանիքի բնակարանային խնդիր: Ծրագրի շնորհիվ կառուցվում է ոչ միայն ամուր հիմք, ամուր տանիք, այլև՝ հուսալի ապագա։

«Անչափ կարևոր եմ համարում այս ծրագիրը. այն իր մեջ ունի ոչ միայն սոցիալական, այլև՝ առողջապահական բաղադրիչ: Այն կիսակառույցը, որտեղ տարիներ շարունակ ապրել է այս ընտանիքը, առողջական լուրջ խնդիրների պատճառ կարող էր դառնալ. բորբոսնած պատերը միայն պատերի արտաքին տեսքը չեն վնասում: Ուրախ եմ, որ հերթական ընտանիքին հաջողվեց հաղթահարել տարիների խնդիրը: Այսօր ինձ առավելապես հետաքրքրում է նրանց տրամադրության դրական փոփոխությունն ու ապագայի հանդեպ լավատեսությունը: Մարդը պատրաստ է վերելքի, երբ վաղվա հեռանկարն անորոշ չէ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ուրախալի է Մկրտչյանների հետ միասին կիսել այս երջանկությունը, և նրանց հայացքներում տեսնել հավատ՝ ավելի լավ ապագա ունենալու նկատմամբ։ Վստահաբար կարող եմ ասել, որ այս ծրագիրը հաջողած է, քանի որ տարեցտարի կարողանում ենք էլի ավելի շատ ընտանիքների պարգևել այսպիսի երջանկություն»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

*

*