Գնիշիկում գարնանը կգործարկվի ոռոգման ջրի՝ նոր կառուցված ներքին ցանց

Տեղադրվել են պոլիէթիլենային բարձրորակ խողովակներ:
gnishik

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են աջակցել համայնքների զարգացմանը: Այս տարվա ծրագրերն ընթացքի մեջ են: Դրանց չափելի արդյունքը տեսանելի կլինի ոչ միայն գոյություն ունեցող խնդիրը լուծելուց հետո, այլև ավելի երկարաժամկետ կտրվածքում: Վայոց ձորի մարզի Գնիշիկ գյուղում, ամռան վերջին ամսից մեկնարկել էին ոռոգման ջրի խողովակաշարի տեղադրման աշխատանքներ: Խնդիրը հրատապ էր՝ մարդկանց հոգսը թեթևացնելու առումով. հողի մշակման համար գյուղացու կատարած ծախսը չէր արդարացվում: Եկամտի մասին խոսք անգամ լինել չէր կարող:

Գյուղի վարչական տարածքի ղեկավար Արա Լևոնյանը  տեղեկացնում է, որ ամռանը բարձրացված խնդրի լուծմանն արագ արձագանքել են իրենց մշտապես աջակցող կազմակերպությունները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և FPWC-ն: Անմիջապես ձեռնարկվել են քայլեր՝ գյուղացու հոգսը թեթևացնելու ուղղությամբ: Կառուցվել է ոռոգման ջրի՝ շուրջ 1,5 կմ երկարությամբ ամբողջովին նոր ցանց: Տեղադրվել են պոլիէթիլենային բարձրորակ խողովակներ: Ավելին. յուրաքանչյուր տնամերձի համար ապահովվել է առանձին ծորակ, որը թույլ կտա ոռոգում իրականացնել առանց դժվարության ու ջրի հոսակորուստի: Ոռոգման ջրի՝ ամբողջովին նոր ներքին ցանցի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Խողովակաշարը տեղադրվել է, կատարվում է հողի հետ լիցք:

«Մինչև ձմեռ ցանցի գործարկումը կփորձարկվի, և գարնանը լիարժեք պատրաստ կլինենք գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը: Ոռոգման ջրի նոր ցանցը մոտավորապես 20 հեկտար տարածք մշակելու հնարավորություն է ընձեռում:

Այս ծրագրի արդյունավետությունը կզգան ոչ միայն Գնիշիկ, այլև Մոզրով բնակավայրի բնակիչները. ներկայում, իրենց այգիները պահպանելու համար, գնիշիկցիները ստիպված են լինում օգտվել Մոզրովի խմելու ջրից, ինչն իր հերթին խնդիր է ստեղծում հարևան բնակավայրի բնակիչների համար: Ի դեպ, արդեն իսկ, շուրջ 30-ով ավելացել է տնամերձի համար ներկայացվող դիմումների քանակը», — ասել է գյուղի վարչական տարածքի ղեկավար Արա Լևոնյանը:

Գնիշիկում կա չմշակված՝ շուրջ 15-20 հեկտար տնամերձ վարելահող: Քիչ չեն նաև խնամք պահանջող պտղատու այգիները: Գյուղացիները վստահ են, որ դրանցից ստացված բերքատվության արդյունքը կարող է քառակին լինել՝ լիարժեք ոռոգում իրականացնելու դեպքում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Գնիշիկում համատեղ ծրագրեր են իրականացնում 2015 թվականից: Չորս տարվա ընթացքում, գործակցող կողմերին հաջողվել է կարգավորել բնակավայրի խմելու ջրի խնդիրը. ամբողջությամբ կառուցվել է ներքին ցանց: Լուծվել է նաև լուսադիոդային (LED) համակարգով գործող՝ արտաքին լուսավորության հարցը, տրամադրվել է գյուղտեխնիկա:

*

*