ՎիվաՍել-ՄՏՍ կողմից Հայաստանում Mobile Connect, այդ թվում նաեւ՝ Mobile ID համակարգի ներդրման մասին

Mobile Connect-ը պաշտպանված է վտանգավոր հաքերային հարձակումներից
viva

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես հետևում է հեռահաղորդակցության ոլորտի զարգացման միտումներին ու քայլեր կատարում՝ նորարարական լավագույն ու պահանջարկված լուծումները հայաստանյան շուկայում ներդնելու ուղղությամբ:

Մասնավորապես, սկսած 2017թ-ից, ընկերությունը գործնական քայլեր է կատարում Հայաստանում բջջային էլեկտրոնային ստորագրության համակարգը հասանելի դարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով հեռահաղորդակցության ընկերությունները միավորող միջազգային GSMA կառույցի հետ, որին անդամակցում է հեռահաղորդակցության 1200 ընկերություն:

Աշխատանքներն իրականացվում են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 25-ը մայիսի 2017թ. թիվ 572-Ն որոշումը: Համագործակցության արդյունքում հնարավոր կդառնա Հայաստանում ներդնել բջջային էլեկտրոնային ստորագրության՝ համաշխարհային ասպարեզում առկա ամենանորարարական ու անվտանգ լուծումները՝ ապահովելով ՀՀ կառավարության սահմանած, ինչպես նաեւ միջազգային տեխնիկական պահանջներն ու անվտանգության նորմերը:

Բջջային կապի ոլորտում էլեկտրոնային ստորագրության համակարգի կիրառման հիմքում Mobile Connect միջազգային ստանդարտն է՝ հավաստագրված GSMA կազմակերպության կողմից: Այն թույլ է տալիս իրականացնել հաճախորդների ինքնության նույնականացում եւ վավերացում, տրամադրել տարատեսակ գործարքների հաստատման թույլտվություն, ինչպես նաև՝ կիրառել բջջային էլեկտրոնային ստորագրություն:

Բջջային հեռախոսն ամենահարմարավետն եւ ամենաարագ միջոցն է՝ էլեկտրոնային ստորագրության համակարգից օգտվելու համար՝ թե′ անձնական PIN գաղտնաբառի կիրառմամբ գործողությունը հաստատելու, և թե′ կենսաչափական տվյալները օգտագործելու տեսանկյունից:

Mobile Connect ստանդարտի անվտանգության մակարդակը համապատասխանում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից 2014 թ. հուլիսի 23-ին ընդունված՝ ներքին շուկայում էլեկտրոնային գործարքների էլեկտրոնային նույնականացման և հավատարմագրման ծառայությունների վերաբերյալ՝ eIDAS թիվ 910/2014 կանոնակարգի պահանջներին: Կանոնակարգը սահմանում է կանխատեսելի կարգավորվող միջավայր, որը հնարավորություն կտա ապահովել անվտանգ և անխափան եռակողմ էլեկտրոնային փոխհարաբերություններ՝ ձեռնարկության, քաղաքացու  և համապատասխան պետական լիազոր մարմնի միջև:

Հարկ է նշել, որ Mobile Connect-ը պաշտպանված է վտանգավոր հաքերային հարձակումներից, քանի որ դրա վավերացուցիչը՝ SIM քարտում ներդրված Applet Authenticator-ը, օգտագործում է «Class 2 SMS» համակարգը,  որը կոդավորված է կամ էլ գործում է USSD հրահանգների հիման վրա, ու հետևաբար՝ անտեսանելի է բջջային  հեռախոսում առկա վնասակար ծրագրերի համար։ Ուղարկված ուղերձները նույնպես կոդավորված են, ինչի արդյունքում հնարավոր է դառնում ապահովել կրկնակի կոդավորում: Այսպիսով, տեղի է ունենում ոչ թե «օդում»` օպերատորի ցանցի միջոցով PIN-կոդի ուղարկում  կամ փոխանակում, այլ բացառապես կոշտ կոդավորված ստորագրության փոխանակում խիստ վավերացման միջոցով՝ անմիջապես հեռախոսից։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսում է առաջիկա ամիսների ընթացքում ավարտին հասցնել էլեկտրոնային թվային ստորագրության ներդրման ամբողջական փորձարկման և այլ համակարգերի հետ այն ինտեգրելու  աշխատանքները:

Սա հնարավորություն կտա բոլոր բաժանորդներին տրամադրել նոր որակի ծառայություններ առավել մատչելի եղանակով՝ բջջային էլեկտրոնային խիստ նույնականացման և բջջային էլեկտրոնային ստորագրության մասով: Բջջային էլեկտրոնային ստորագրության ներդրվող համակարգը Հայաստանի Հանրապետությունում գործող բջջային մյուս օպերատորներին նույնպես թույլ կտա իրենց բաժանորդներին լիովին հասանելի դարձնել երկրում ներդրված էլեկտրոնային ծառայությունների ամբողջական փաթեթը՝ փոխկապակցման միջոցով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորում է համաշխարհայնորեն կիրառվող՝ արդի և անվտանգ համակարգերի տեղայնացումն ու ներդրումը Հայաստանում՝ ի նպաստ բջջային կապի ծառայություններից օգտվող բաժանորդներին առավել հարմարավետ և անվտանգ ծառայություններ մատուցելուն:

Բաժանորդներին առնչվող տվյալների անվտանգությունը երաշխավորելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը դեռևս 2015 թ. ներդրել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտը, որի պահանջներին համապատասխան ստանձնել է պարտավորություն` ապահովելու բաժանորդների անձնական տվյալների փաստաթղթային եւ էլեկտրոնային տեղեկատվական բոլոր ակտիվների, գաղտնիությունն ու ամբողջականությունը:

*

*