Քարագլուխ բնակավայրի հիմնական փողոցները լուսավորվել են

Տեղակայվել է 52 LED լուսարձակ:
viva

Էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են  Հայաստանի հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Այս անգամ լուսավորվել են Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի հիմնական փողոցները` ներառելով 1872մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է  52 LED լուսարձակ:

Էներգախնայող համակարգի ներդրումը համայնքային զարգացման կարևոր նախապայմաններից է: Այն համադրում է բնապահպանական և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բաղադրիչները: էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ միայն թեթևացնել համայնքի ֆինանսական բեռը, աշխուժացնել համայնքային կյանքը, այլև՝ ստեղծել կայուն և մաքուր շրջակա միջավայր։

Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը և գյուղի բնակիչները:

«Յուրաքանչյուրի համար անչափ կարևոր են հույսն ու ապագայի հանդեպ հավատը: Դա չգրված օրենք է: Դրանցով են պայմանավորված մարդկանց քայլերը, նպատակներն ու երազանքները: Պատշաճ լուսավորության բացակայությունը մեր ժամանակների համար անթույլատրելի է: Իսկ նոր տեխնոլոգիաների շնորհիվ բնապահպանական լուծում տալը՝ անհրաժեշտություն: Թվարկված հանգամանքները մեզ համար ամենալավ խորհրդատուն են դարձել՝ հեռավոր գյուղերում ապրող մեր հայրենակիցներին օգտակար լինելու համար: Ուզում եմ հավատալ, որ երկարաժամկետ կտրվածքում մենք կարձանագրենք արդյունքներ, որոնց ձգտում ենք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Գյուղի փողոցները կլուսավորվեն ամռանը 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:

Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղը ներառված է էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրում։ Ծրագիրը հնարավորություն է տալիս այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են:

*

*