Կիսախարխուլ կառույցից՝ բարեկարգված տուն

Սարալանջում բնակվող Սիմոնյանները բնակարանաշինության ծրագրի շահառուներից են:
viva

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» վեցամյա գործընկերության արդյունքը Շիրակի մարզում զգում է արդեն հինգերորդ, իսկ հանրապետությունում՝ 149-րդ ընտանիքը: Սարալանջում բնակվող Սիմոնյանները բնակարանաշինության ծրագրի շահառուներից են: Մինչև տարեվերջ, 60-ականներին կառուցված կիսախարխուլ երեք սենյականոցի փոխարեն, ընտանիքը կունենա քարաշեն տուն՝ ընդլայնված մակերեսով. արդեն նաև խոհանոցով ու սանհանգույցով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորները մասնակցել են Սիմոնյանների տան շինարարությանը:

Մարզին բնորոշ՝ խստաշունչ ձմեռներով ուղեկցվող  տարիների ընթացքում, Սիմոնյանները ստիպված են եղել ապրել  եղանակային պայմաններից քայքայված, կաթացող տանիքի տակ, հին, փայտյա պատուհաններով և փտած ու խոնավ հատակով երեք սենյականոցում: Ծրագրի շահառու դարձած ընտանիքը վստահ է, որ դժվարությունները կմնան անցյալում. տխուր հիշողություններին կփոխարինի ապագայի հանդեպ լուսավոր հավատը:

Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բնակարանաշինության ծրագրի հաջողությունը պատահական չէ. դրան նպաստում է գործակցող կողմերի անմիջական մասնակցությունը՝ շինարարական աշխատանքներին: Ընտանիքն զգում է  ոչ միայն  շինարարությունն օր առաջ ավարտելու նպատակով դրսևորվող ֆիզիկական աջակցություն, այլև՝ ապագայի հանդեպ լավատեսությամբ լցվելու հույս:

«Անցած տարի, երբ մեր գյուղում տուն կառուցեցիք, երազում ու չէի հավատում, որ մի օր մեզ հետ էլ հրաշք կկատարվի: Երբեմն ավելի հեշտ է հիմքից տուն կառուցելը, քան հին տունը վերանորոգելը: Այնքան դժվար է  հիվանդ պահել, երեխա մեծացնել՝ առանց տարրական հարմարությունների: Ճիշտ է՝ շինարարությունն ավարտին է մոտենում, բայց ես դեռ չեմ հավատում, որ դա մեզ հետ է կատարվում: Ասես երազ լինի. առանց ձեր օգնության, մեր ընտանիքն այդպես էլ չէր իմանա, թե ինչ է իսկական տունը»,- ասել է ընտանիքի մայրը` Դիանան:

«Ամեն անգամ, երբ մասնակցում ենք շինարարական աշխատանքների, փորձում եմ զգալ ընտանիքի տրամադրությունը: Կառուցվող տան փոփոխութունն իր արտաքին տեսքով տեսանելի է բոլորին: Ինձ առավելապես հետաքրքրում է մարդկանց հոգու ներսում կատարվող փոփոխությունը, այն հույզերն ու ապրումները, որոնք շատ հաճախ դրսևորվում են զուսպ, հավաք, միայն աչքերի փայլով կամ լուսավոր ժպիտով: Հենց այդ փոփոխությունն էլ դրական լիցքեր է փոխանցում նրանց՝ թույլ տալով շտկել մեջքը: Ուզում եմ հույսից ծնված այդ վստահությունը տեսնել շատերի ընտանիքում: Հենց դրա համար էլ այստեղ ենք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հատկապես գյուղերում, ընտանիքի սոցիալական առանց այդ էլ ծանր վիճակն առավել տխուր է դառնում կենցաղային տարրական պայմանների բացակայության պատճառով: Օրվա հացի խնդրին ավելանում է անշուք միջավայրում երեխաներ մեծացնելու խնդիրը: Այս ծրագիրն ընտանիքներին օգնում է կառուցել ոչ միայն ապահով պատեր, այլև լավատեսություն՝ ապագայի նկատմամբ: Թոթափելով ամենածանր լուծը, ընտանիքները փորձում են եկամտի միջոց գտնել գյուղում և  չլքել իրենց տունը»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2017 թվականին կատարել է 25 մլն ՀՀ դրամի, իսկ ընդհանուր առմամբ՝ ավելի քան 333 մլն ՀՀ դրամի ներդրում:

*

*