ՎիվաՍել-ՄՏՍ-ը և FPWC-ն շարունակում են աջակցել համայնքների զարգացմանը

Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրը գյուղատնտեսության ոլորտում զարգացման պոտենցիալ ունի:
gnishik

Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրը գյուղատնտեսության ոլորտում զարգացման պոտենցիալ ունի: Կան չմշակված՝ շուրջ 15-20 հեկտար տնամերձ վարելահողեր, արդեն ստեղծված, բայց խնամք պահանջող պտղատու այգիներ, որոնցից ստացվող արդյունքը հեռու է գոհացուցիչ լինելուց: Գյուղացու ջանասիրությունն ու համառությունը բավարար չեն, երբ հողի բերքատվությունն ակնկալվող քանակից քիչ է շուրջ չորս անգամ: Գյուղացու ծախսը գերազանցում է ստացվող եկամուտը: Տեղում կա ոռոգման ջրի խնդիր, որն անհնար է լուծել բացառապես համայնքային բյուջեով: Աշխատանքներ իրականացվել են, սակայն դա բավարար չէ. ջուրը գյուղ է հասնում հոսակորուստներով: Անհրաժեշտ է կառուցել նաև ոռոգման ներքին ցանց:

«Գնիշիկում հողերի բերքատվության մասին խոսելն անօգուտ է: Մշակաբույսերը թոշնում են, ծառերն էլ ջրվում են դույլերով, ինչը ոչ միայն ծանր, այլև անօգուտ աշխատանք է՝ հատկապես ամռան տապին: Ներքին ցանցի կառուցումը կլուծի 2 բնակավայրի՝ Գնիշիկի և Մոզրովի ոռոգման ջրի խնդիրը: Հարևան գյուղում հնարավոր կլինի նվազագույն ջանքերով առավելագույն օգուտ քաղել: Մոզրովում կա շուրջ 40 հա վարելահող: Կաթիլային ոռոգման եղանակով, հնարավոր կլինի պտղատու ծառեր մշակել կամ խաղողի այգի ստեղծել»,-ասել է Գնիշիկ և Մոզրով բնակավայրերի վարչական տարածքի ղեկավար Արա Լևոնյանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Համայնքների զարգացման» ծրագրով, կաջակցեն խնդրով մտահոգ գյուղացիներին: Հնարավորինս արագ կկառուցվի ոռոգման ներքին ցանց, որի արդյունավետությունը կզգան ոչ միայն Գնիշիկ, այլև Մոզրով բնակավայրի բնակիչները: Ներկայում, իրենց այգիները պահպանելու համար, գնիշիկցիները ստիպված են լինում օգտվել Մոզրովի խմելու ջրից, ինչն իր հերթին խնդիր է ստեղծում հարևան բնակավայրի բնակիչների համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), Գնիշիկում համատեղ ծրագրեր են իրականացնում 2015 թվականից: Չորս տարվա ընթացքում, գործակցող կողմերին հաջողվել է կարգավորել բնակավայրի խմելու ջրի խնդիրը. ամբողջությամբ կառուցվել է ներքին ցանց: Լուծվել է նաև լուսադիոդային (LED) համակարգով գործող՝ արտաքին լուսավորության և գյուղտեխնիկայի հարցը:

*

*