Աղավնաձորում կլուծվի կիսակառույց տան և թեքահարթակի խնդիր

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ...
viva-cell

Կիսամութ սենյակներ՝ սահմանափակ պատուհաններով ու քանդված պատերով, կաթացող տանիք, կիսավեր պատշգամբ, փայտյա թեքահարթակ և էլի խնդիրներ… Բաբայանները տան շինարարության խնդիր ունեն՝ տևական ժամանակ:

Ավելի քան չորս տասնամյակ առաջ կառուցված տունը հոգատար ձեռքերի անհրաժեշտություն ունի: Ընթացիկ գործեր այս տանն արվել են, սակայն կառույցի հիմնանորոգման կարիք, այնուամենայնիվ, կա: Առանց աջակցության խնդիրը չի լուծվի: Պատճառներն օբյեկտիվ են. տան ավագ որդին՝ Ալիկը, տեղաշարժվում է անվասայլակով:Դժբախտ պատահարի հետևանքով, նման վիճակում է հայտնվել տասներեք տարի առաջ: Թեև կրտսեր եղբոր՝ Արծրունի հետ, աշխատում են, սակայն վաստակածով լուծում են միայն առօրյա հոգսերը: Ամուսնու անժամանակ կորստից հետո, որդիներին միայնակ մեծացրած մայրը՝ Սոնան, երազում է իր և ամուսնու ձեռքերով կառուցված օջախը նորից ամուր ու բարեկարգ տեսնել:

«Տունը կառուցել են ծնողներս: Ընթացքում առաջացած խնդիրները լուծվել են մասնակի: Սենյակներում կա լուսավորության խնդիր: Նոր պատուհաններ բացելու, իսկ հները՝ փոխելու անհրաժեշտություն կա: Պատշգամբը որոշ հատվածներում քանդվում է: Կա նաև տանիքի խնդիր, որը մասնակի ենք լուծել: Թեքահարթակս փայտից է և վաղ թե ուշ՝ շարքից դուրս կգա: Ձմռանը տեղաշարժվելու խնդիր կունենամ: Եվ առհասարակ՝ եթե քայլեր չձեռնարկենք, ապա տարիների ընթացքում տունը կփլուզվի»,-ասել է ավագ որդին՝ Ալիկը:

«Մեր տունն անձրևաջրերի հեռացման համակարգ չունի: Դրա հետևանքով պատերը տարիներ շարունակ խոնավացել են ու սկսել քանդվել: Արդեն տասնհինգ տարի այդ վիճակն է: Վերակառուցելու հնարավորություն չենք ունեցել: Խնդիրն այդպես էլ մնացել է: Իմ երազանքն է՝ օջախս նորից լուսավոր ու մաքուր տեսնել»,-ասել է ընտանիքի մայրը՝ տիկին Սոնան:

Բաբայանների տան խնդիրը հայտնվել է բնակարանաշինության ծրագիր իրականացնող գործընկերների ուշադրության կենտրոնում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, մինչև տարեվերջ, Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում ապրող այս ընտանիքին կհաջողվի լուծել տարիների խնդիրը:

 

*

*