«Հաջողության ճանապարհին երբևէ չընկրկել ու չընկճվել, այլ՝ դիմանալ ու հաղթել». Ռալֆ Յիրիկյան

Հանդիպման թեման գործարար ոլորտում հաջողության հասնելու համար...
viva

ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության, ինչպես նաեւ եւ ԵՊՏՀ Մարքեթինգի եւ բիզնեսի կազմակերպման ֆակուլտետների համատեղ առաջարկին ընդառաջելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալել է այդ ֆակուլտետների ուսանողներին:  Հանդիպման թեման գործարար ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների զարգացումն էր:

Ուսանողական լսարանը մեծ հետաքրքրությամբ լսել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ որպես կայացած ընկերության եւ Ռալֆ Յիրիկյանի՝ որպես կայացած գործարարի հաջողության պատմությունները: Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու գործարար ոլորտում խոչընդոտների հաղթահարմանն ուղղված լուծումներին, ու նաեւ պատկերացում կազմել կառավարման հմտությունների վերաբերյալ՝ կոնկրետ օրինակներով:

Նման ձեւաչափով հանդիպումներն օգնում են ապագա գործարարներին ու տնտեսագետներին ավելի առարկայորեն հասկանալ ընկերության կառավարման համար անհրաժեշտ գործիքակազմի կիրառման ու հաջողության հասնելու ուղիները: Փորձի այսօրինակ փոխանցումը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ բուհում ձեռք բերված տեսական գիտելիքների կիրառման տարբերակները իրական իրավիճակներում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ հաջողության հասնելու ճանապարհին պետք է պատրաստակամ լինել հաղթահարելու առկա դժվարություններն ու երբեւիցե չընկրկել:

«Դուք կարող եք ինձ հետ չհամաձայնել, սակայն պետք է երախտապարտ լինել ճակատագրին, որ «կոմֆորտի գոտում» չես ապրել: Կյանքի դժվարությունները կոփում են կամքն ու վճռականությունը, ուժ են տալիս հաղթահարելու կասկածներն ու անգնահատելի գիտելիքներ պարգեւում: Նրանք, ովքեր մշտապես գտնվում են հարմարավետության գոտում, այդպես էլ չեն հանդիպում դժվարությունների, չեն կանգնում սահմանափակ ռեսուրսներով մեծ խնդիրներ լուծելու անհրաժեշտության առջեւ, ու հետեւաբար՝ չեն սովորում: Խոչընդոտները ստիպում են մտածել, ուղիներ փնտրել: Իմ անցած տարիներին հետընթաց հայացք գցելով՝ ես երանի չեմ տալիս այն մարդուն, ով իր դեռահասության, պատանեկության ժամանակ նյութական մեծ հնարավորություններ է ունեցել: Այսպես անգամ կարելի է ձախողել ու կորցնել ամեն ինչ: Նա, ով ձեւավորել է հմտություն, ձեռք է բերել գիտելիք, հասել դրանց՝ գործած սխալների հիման վրա, նա այդ գիտելիքներն ու հմտությունները երբեք չի կորցնի, այլ՝ շարունակաբար կկատարելագործի: Եվ, ըստ էության, հենց գիտելիքն ու հմտությունը, ինչպես նաեւ հոգեւոր արժեքներն են մեր միակ անօտարելի սեփականությունը: Ձգտեք ունենալ ինքնություն, այլ ոչ թե՝ պարզապես տիրել նյութական բարիքների»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Հանդիպմանը հաջորդել է ինտերակտիվ զրույց ուսանողների եւ Ռալֆ Յիրիկյանի միջեւ: Գործարարը սիրով պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, իսկ վերջում պատրաստակամություն հայտնել եւս մեկ անգամ հանդիպելու կամ հյուրընկալելու նրանց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում:

*

*