Կյանքի երեք տասնամյակը վագոն-տնակում անցկացրած Ավետիսյանները նոր բնակարան կունենան

Ավետիսյանները վագոն-տնակում են հայտնվել 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով։
viva

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից  իրականացվող 2016թ.-ի բնակարանաշինության ծրագիրը, որի հերթական փուլը մեկնարկել էր վաղ գարնանը, մոտենում է ավարտին։ Կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցները կամավորության սկզբունքով մասնակցել են Արագածոտնի մարզի Զարինջա համայնքում բնակվող Ավետիսյանների տան շինարարությանը` 30 տարի վագոն-տնակում բնակվող Ավետիսյաններին օգնելով օր առաջ հասնելու իրենց երազանքի իրականացմանը:

Ավետիսյանները վագոն-տնակում են հայտնվել 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով։ Հենց այդ տարիներին էլ նախաձեռնել են շինարարություն՝ նոր բնակարան ունենալու հավատով: Այդ նպատակն իրականություն է դարձել երեք տասնամյակ անց հետո միայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» աջակցության արդյունքում:

«Մեծ որդիս մի քանի ամսական էր, երբ մեր տունն ավերվեց ու տեղափոխվեցինք վագոն- տնակ։ Մյուս երկուսն այստեղ են ծնվել։ Հիմա երեք որդիներս էլ հասուն տղամարդիկ են ու դեռ երբեք չեն զգացել տուն ունենալու բերկրանքը։ Մեր ընտանիքի մոտ երեք տասնամյակի սպասումն այսօր հատուցվում է, այն էլ՝ ձեր շնորհիվ։ Մոտ երեսուն տարի կառուցվող մեր տան շինարարությունը, վերջապես, իր ավարտին է մոտենում»,- ասել է ընտանիքի հայրը՝ Գարեգինը:

Հինգ տարվա համագործակցության արդյունքում, բնակարանաշինության ծրագրով Արագածոտնի մարզում 15 ընտանիք վերանորոգել է տունը կամ ավարտին է հասցրել կիսակառույց տան շինարարությունը։

«Ոչինչ այնքան հաճելի չէ, որքան օգտակար լինելու պատրաստակամությունը: Եթե մեզանից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ փորձի աջակցել դրա կարիքն զգացող որևէ մեկին և ապագայի հանդեպ լավատեսություն արթնացնի նրա սրտում ՝կհաջողենք բոլորս: Մարդկանց իրենց հոգսերի հետ մենակ թողնելն ու նրանց նկատմամբ անտարբեր լինելն ամենամեծ չարիքներից են: «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ մեր համագործակցությունը սոցիալական աջակցություն ծրագիր լինելով՝ երկարաժամկետ ևս մեկ նպատակ է հետապնդում. հոգատարության կոչ՝ ուղղված յուրաքանչյուրին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Աշխատանքի բերումով, լինելով Հայաստանի ամենատարբեր ծայրերում և հանդիպելով բնակարանի խնդիր ունեցող ընտանիքների հետ, ցավով պետք է ասեմ, որ դեռ շատ գործ ունենք անելու։ Ժամանակավոր կացարանը, լինի դա վագոն- տնակ, կիսակառույցի նկուղ կամ հողաշեն տնակ, պետք է ժամանակավոր լինի, ոչ թե ամբողջ կյանքի համար։ Այս ընտանիքը մեկն է Հայաստանում ապրող հազարավոր ընտանիքներից, որ տարիներով զրկված է եղել տարրական հարմարավետությունից։ Այս տարի նախատեսված 41-ի փոխարեն հնարավոր է եղել բնակարանի խնդիր լուծել 42 ընտանիքի համար․ 21 ընտանիք վերանորոգել է բնակարանը, 21-ը՝ ավարտում է կիսակառույց տան շինարարությունը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Բնակարանաշինության ծրագրի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի քան   105 մլն. դրամի ներդրում է կատարել 2016թ.-ին: Հինգ տարվա ընթացքում ներդրվել է ավելի քան 333 մլն.դրամ:  Համագործակցության արդյունքում 135 ընտանիքի համար լուծվել է բնակարանի խնդիրը։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները