Բնակարանային բարելավված պայմաններ` սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում — Երկիր Մեդիա

Բնակարանային բարելավված պայմաններ` սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը դարձյալ այցելել են Տավուշի մարզ, պետական սահմանից ընդամենը 1,5 կմ hեռավորության վրա գտնվող Ներքին Կարմիրաղբյուր գյուղ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը դարձյալ այցելել են Տավուշի մարզ, պետական սահմանից ընդամենը 1,5 կմ hեռավորության վրա գտնվող Ներքին Կարմիրաղբյուր գյուղ: Բնակարանաշինության ծրագրով 2015թ.-ին այստեղ խնդիր է լուծվել յոթ ընտանիքի համար. կատարվել են ոչ միայն վերանորոգման աշխատանքներ, այլև ավարտին է հասցվել կիսակառույցների շինարարություն: Ավագյանների տան մի հատվածը տարիներ առաջ արկի պայթյունից գրեթե ամբողջովին քանդվել էր: Չնայած նրան, որ գյուղի դիրքը խոցելի է հակառակորդի կողմից արձակվող կրակահերթերի համար՝ ամիսներ առաջ մեկնարկած շինարարական աշխատանքներն ավարտվել են: Դրանց մասնակցած կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ավագյանների հետ կիսում են ընտանիքի ուրախությունը:

«Կարծում եմ` կարող եմ ծրագրի մասնակից մյուս համագյուղացիներիս անունից էլ ասել, որ սա փրկություն էր մեզ համար: Սահմանին բնակվող մարդու համար, ուր ամեն վայրկյան առկա է թշնամու կրակի վտանգը, շատ ավելի գնահատելի է դառնում տարրական կենցաղային հարմարությունը: Բոլորի անունից ուզում եմ մեր խորին երախտագիտությունը հայտնել»,- ասել է ընտանիքի հայրը՝ Բաբկենը:

«Այս ընտանիքի օջախի պատերը երկար ժամանակ պատերազմական իրավիճակի վկան են եղել: Հային իր հողից տեղահանելու նպատակը շարունակում է մնալ հակառակորդի ծրագրերում: Այդ նպատակը, սակայն, իրագործելի չէ, երբ կա վստահություն: Բնակարանաշինության ծրագրով մենք ձգտում ենք մեր հայրենակիցներին վստահություն փոխանցել: Տարիներ առաջ այս տան վրա արձակված արկից վնասվել էր տան պատը, բայց ոչ՝ Ավագյանների կամքն ապրել հայրենի հողի վրա: Ավագյանների արիությունն արժանի է հարգանքի»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ինչպես այս, այնպես էլ սահմանին բնակվող մյուս ընտանիքների համար անհրաժեշտ է զգալ, որ իրենք մենակ չեն իրենց հոգսերի առաջ: 2014թ.-ից ի վեր Տավուշի մարզի սահմանամերձ չորս գյուղերում 27 ընտանիքի  համար լուծվել է բնակարանաշինության խնդիրը: Շատ կարևոր է, որ կարողանում ենք մի փոքր թեթևացնել սահմանապահ բնակիչների հոգսը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը  228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվում՝ 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները:

*

*