Մանե Թանդիլյան. «Հատկապես մի ընտրեք նրանց, ովքեր ձեզ կաշառք են առաջարկում»

«Ելքի»-ի թեկնածուն կողմնակից է արդար եւ իրատեսական պայքարի.
mane-tandilyan
Քարոզարշավը շատ ջանք, եռանդ ու ժամանակ է խլում պատգամավորության թեկնածուից, մանավանդ եթե նա կին է: «Ելք» դաշինքի ցուցակում ընդգրկված Մանե Թանդիլյանի խոսքով, մարդկանց մոտ հետաքրքրություն է առաջանում, երբ մեգաֆոնով կնոջ ձայն են լսում: Իրենք էլ, հասկանալով, որ մարդիկ հոգնել են ընտրությունից ընտրություն նույն մարդկանց տեսնելուց ու նույն խոսքերը լսելուց, փորձում են այլ ընթացք տալ իրենց քարոզարշավին:
Իր ընտրատարածքում Մանե Թանդիլյանը հասցրել է բոլոր շենքերի բակերում լինել արդեն: «Ելքի»-ի թեկնածուն վստահ է, որ իրենք բավականին մեծ թվով ձայներ են ստանալու եւ նոր քաղաքական մշակույթ են բերելու Ազգային ժողով:
Իր հերթին, «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակում ընդգրկված Մարինե Քոչարյանն էլ կարծում է, որ պատգամավորության կին թեկնածուներին մարդիկ ավելի շատ են վստահում, անկեղծորեն ներկայացնում են իրենց խնդիրները:
Սամվել Բաբայանի ձերբակալության հետ կապված նա կարծիք չի արտահայտել, իսկ Մանե Թանդիլյանը նշել է, որ չի ուզում շտապ եզրակացություններ անել, հետեւելու է դեպքերի զարգացմանը եւ կարծիք կազմելու:
«Մարդիկ ավելի հավատով էին վերաբերվում կին պատգամավորության թեկնածուին, կանայք համարձակ մոտենում էին, իրենց վիշտը կիսում էին, եւ ես չէի հասցնում այդ ամբողջն արձանագրել ինձ մոտ, որ կարողանամ աջակից լինել իրենց խնդրին»,- նշեց «Հայկական վերածնունդ»-ի պատգամավորության թեկնածու Մարինե Քոչարյանը:
«Նրանք հստակ պատկերացնում են, որ ես այն քաղաքական ուժի ներկայացուցիչն եմ, որից չպետք է գումար ակնկալել: Իմ ուղերձն է նրանց, որ եթե անգամ չեն կողմնորոշվում՝ ում ընտրել, հատկապես մի ընտրեք նրանց, ովքեր ձեզ կաշառք են առաջարկում, որովհետեւ դուք ձեր մեկ օրվա ձայնն եք վաճառելու, հետո գալիք 5 տարիներին գալու են, հավաքեն ձեզանից: Կարծում եմ՝ մարդիկ գիտեն ումից ինչ ակնկալել, եւ Ելք դաշինքին ձայն տվողները տալու են այն գաղափարին, որի մասին խոսում ենք ողջ քարոզարշավի ընթացքում»,- ընդգծեց «Ելք» դաշինքից ԱԺ պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանը:
 
Նա հավելեց, որ կողմնակից է արդար եւ իրատեսական պայքարի.
«Կողմնակից եմ արդար եւ իրատեսական պայքարի, որ մարդիկ կարողանան քեզ ձայն տալ, ոչ թե, որ զոհ ես կամ քեզ հալածում են, այլ որովհետեւ դու ես այն քաղաքական գործիչը, ում ուզում են տեսնել քաղաքականության մեջ»:
 
 

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*