Կին դատապարտյալները իրենց ուժերը չափել են տարբեր մարզական մրցումներում

Միջոցառման ընթացքում կին դատապարտյալներն իրենց ուժերն են չափել վազքի, հեռացատկի, բազկամարտի, շաշկու, սեղանի թենիսի և վոլեյբոլի մրցումներում

ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է մարզական միջոցառում կին դատապարտյալների համար: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։

Միջոցառման ընթացքում կին դատապարտյալներն իրենց ուժերն են չափել վազքի, հեռացատկի, բազկամարտի, շաշկու, սեղանի թենիսի և վոլեյբոլի մրցումներում:

Մայիսի 25-ին անցկացված եզրափակիչ մրցելույթներում հայտնի են դարձել տարբեր մարզաձևերում հաղթողները:

30 մետր վազքի մրցումներում 3-րդ հորիզոնականը գրավել է Ա. Եղոյանը, երկրորդ տեղում Ք. Մաթևոսյանն էր, իսկ պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ա. Թադևոսյանը: Վերջինս նաև առաջինն էր հեռացատկում, իսկ այս մրցաձևում երրորդ և երկրորդ հորիզոնականները զբաղեցրել են Լ. Այվազյանը և Է. Ավետյանը:

Բազկամարտի մրցաշարում միանձնյա հաղթող է ճանաչվել Ք. Ներսիսյանը:

Սեղանի թենիսի մրցաշարում երրորդ հորիզոնականում Ա. Գրիգորյանն էր, երկրորդում` Կ. Ղարիբյանը, իսկ առաջին տեղը գրավել է Ա. Ավետյանը:

Շաշկու մրցումներում երրորդ հորիզոնականում Ա. Դավթյանն էր, երկրորդում` Լ. Խաչատրյանը, իսկ առաջին հորիզոնականում` Ա. Գրիգորյանը:

Մրցանակակիրները պարգևատրվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերով և Աբովյանի քաղաքապետարանի կողմից սահմանված նվերներով:

Մրցանակաբաշխության ավարտին կին դատապարտյալները հյուրերին են նվիրել իրենց ձեռքով պատրաստված հուշանվերներ:

*

*