Fitch-ը «նեգատիվ» մակարդակի է իջեցրել Թուրքիայի վարկանիշը

Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը Թուրքիայի արտասահմանյան եւ ազգային արժույթներով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի գծով կանխատեսումը կայունից վատացրել է «նեգատիվի»` BBB- մակարդակի:
fitch-rating

Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը Թուրքիայի արտասահմանյան եւ ազգային արժույթներով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի գծով կանխատեսումը կայունից վատացրել է «նեգատիվի»` BBB- մակարդակի:

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, վարկանիշի գծով կանխատեսման վատացման համար որպես օրինակ գործակալությունը նշում է Թուրքիայում անվտանգության պայմանների վատացումը եւ պետական հեղաշրջման փորձը:

Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ձախողված պետական հեղաշրջման փորձից հետո բանակի մեծ թվով բարձրաստիճան ներկայացուցիչների պաշտոնանկությունը, գործակալության կարծիքով, վնաս է հասցրել անվտանգության սպառնալիքներին երկրի դիմակայության հնարավորությանը:

Ըստ թուրքական Haberturk թերթի` Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել է, որ ներկայում բացահայտվել է Գյուլենի կազմակերպության հետ կապված 76 հազար 597 մարդ, պետական համակարգում աշխատանքից ազատվել է 7 հազար 897-ը, որոնք կասկածվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, որոնցից 3 հազարից ավելին զինվորականներ են:

«Ընդհանուր առմամբ մինչ այժմ գյուլենականների հետ կապերի կասկածանքով հայտնաբերվել է 81 հազար 494 մարդ», -ասել է Թուրքիայի վարչապետը:

Թուրքական ԶԼՄ-ների համաձայն` ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված Թուրքիայի զինված ուժերից ներկա դրությամբ հեռացվել կամ ձերբակալվել է անձնակազմի մոտ 1,5 տոկոսը: Վերջին տվյալների համաձայն` դիմակայության արդյունքում, որի կենտրոնը դարձել էին Ստամբուլը եւ Անկարան, զոհվել են 246 քաղաքացիներ` չհաշված 100-ից ավելի խռովարարներին, 2 հազարից ավելի մարդ էլ վիրավորվել է:

Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարար զինվորականներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովության կազմակերպման մեջ Անկարան մեղադրում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանիդիության մեջ բնակվող չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա կողմնակիցներին, եւ ձգտում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը Թուրքիա:

Գյուլենն իր հերթին հայտարարել է, որ ինքը ոչ մի առնչություն չունի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման հետ:

Ավելին, «Հիզմեթն այսօր» հրատարակությանը տված հարցազրույցում Գյուլենը հայտարարել է, որ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տառապում է հոգեկան խանգարումով»:

Բազմաթիվ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ եւ քաղաքական գործիչներ կարծիք են հայտնել, որ ռազմական հեղաշրջման անհեթեթ փորձը կազմակերպվել է Թուրքիայում միանձնյա իշխանության ձգտող նախագահ Էրդողանի կողմից:

*

*