Զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի միջադեպի մասնակիցներից մեկը ներկայացել է ոստիկանություն

Քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե․․․
zinakochik-avtobus1

Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Գոռ Հակոբյանն ինքնակամ ներկայացել է Ռազմական ոստիկանություն, իսկ նրա համաքաղաքացի՝ 23-ամյա Մերուժան Ոսկանյանը ներկայումս գտնվում է փախուստի մեջ։ Ռազմական Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ Մ. Ոսկանյանին հայտնաբերելու ուղղությամբ։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշել է, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե` նախաքննություն իրականացնելու:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Armtimes.com կայքը տեսանյութ էր տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք կանգնեցրել զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը, ոտքերով հարվածել ավտոբուսի դռներին, հայհոյանքներ հնչեցրել, ինչից հետո քաշքշոց է սկսվել: Ռազմական ոստիկանությունում փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

 

*

*