Զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը
artur-vardanyan,-zinvac-xumb

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մեսրոպ Մակյանի, քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել 2015-ի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի պաշտպանների միջնորդությունը և 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Վարդանյանին։

Նշենք, որ գործով երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն էր գտնվում կալանքի տակ. ամբաստանյալներից շատերն ազատվել են կալանքից 2018թ. ամռանը։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք-Մարաշում վնասազերծվել է զինված խումբ:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա: Գործով ամբաստանյալի կարգավիճակում են պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը և ևս 17 անձ։

*

*