Զինված հանցախումբն անգամ տեսաուղերձ էր ձայնագրել՝ հեղաշրջումից հետո ժողովրդին դիմելու համար

Ուղերձը նախատեսվում էր հեռարձակել Հանրային հեռուստատեսության եթերով՝ այն գրավելուց հետո:

Ազգային անվտանգության ծառայության կողմից նոյեմբերի 25-ին վնասազերծված Արթուր Վարդանյանի ղեկավարած հանցավոր խմբավորումը բռնությամբ զինված հեղաշրջում իրականացնելուց հետո պատրաստվում էր հեռուստաուղերձով դիմել ժողովրդին։ Այդ նպատակով արդեն նաեւ տեսաուղերձն էր ձայնագրվել։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը:

Ուղերձը նախատեսվում էր հեռարձակել Հանրային հեռուստատեսության եթերով՝ այն գրավելուց հետո:

Ի դեպ, խումբը նամակ էր պատրաստել նաեւ Հայաստանում գործող դեսապանությունների համար. նոյեմբերով թվագրված նամակները պետք է ուղարկեին հեղաշրջման հաջորդ օրը եւ դեսպաններին հրավիրեին ժողովի՝ երկրում տիրող վիճակը ներկայացնելու նպատակով: Միքայել Համբարձումյանը տեղեկացրերց, որ խումբը ֆինանսավորվել է մոտ 65 հազար դոլարով: Ֆինանսավորողը հայտնի է եւ մեղադրվում է քրեական գործով: Նա բնակվում եւ գործունեություն է ծավալում Հայաստանում: Համապատասխան հոդվածներով մեղադրվում են նաեւ խմբին զենքեր վաճառած կամ տված անձինք:

«Այդ զենքերը հին, արցախյան ազատամարտից մնացած, նույնիսկ ռուսական, սովետական զորամասերից մնացած զենքեր են»:

Գործով մեղադրյալները 33-ն են, որոնիցից 28-ը կալանավորված են, մյուսների խափանման միջոցը փոխվել է եւ նրանք ազատ են արձակվել: Ըստ Միքայել Համբարձումյանի՝ քրեական գործով պաշտոնյաներ ներգրավված չեն: Իսկ Պաշտպանության նախկին փոխնախարար, կալանավորված Վահան Շիրխանյանը կապեր է ունեցել խմբի ղեկավարների հետ, տեղյակ է եղել նրանց նպատակներին եւ պարտավորվել է որոշակի գործողություններ կատարել:

Նախաքննությունը շարունակվում է՝ որոշ հարցերի պատասխաններ դեռ չկան:

*

*