Ընտրություններին թերացումների դեպքում պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն թերացող ծառայողները, այլև նրանց անմիջական ղեկավարները

Ոստիկանության պետը հանդիպել է...
vayoc-dzor-handipum

Նոյեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր՝ հանդիպելու դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին Վայոց ձորում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին, նախընտրական շտաբների ղեկավարներին, ինչպես և մարզը սպասարկող ոստիկանության ծառայողներին։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վայոց ձորի մարզում տեղի ունեցած հանդիպմանը, որին մասնակցում էր նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը, ոստիկանության պետն ընդգծեց Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքներով առաջնորդվելու կարևորությունը։ Վալերի Օսիպյանը հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքով արտահերթ ընտրությունները կանցկացվեն բացառապես քաղաքացու ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա։

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության անձնակազմի հետ հանդիպմանը Վալերի Օսիպյանը ամփոփ ներկայացրեց իր պահանջները։ Ոստիկանները առհասարակ, բայց հատկապես ընտրությունների օրը պետք է անթերի կատարեն օրենքով իրենց վերապահված պարտականությունները։ Պետք է բացառվեն ընտրակաշառք խոստանալու, առաջարկելու, տալու և վերցնելու դեպքերը, ընտրատեղամասերին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, ընտրատեղամասերի մուտքերի մոտ մեքենաների կուտակումները, կրկնաքվեարկությունը, ընտրատեղամաս զենք-զինամթերքով մուտքը և այլն։ Ոստիկանության պետը տեղեկացրեց, որ թերացումների դեպքում խստագույնս պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն թերացող ծառայողները, այլև նրանց անմիջական ղեկավարները։

*

*