Մարդու իրավունքների պաշտպանը՝ ԱԺ ընտրությունների մասին

«Քվեարկությունը տեղի է ունեցել խաղաղ մթնոլորտում»
mip-qreakan

Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունը տեղի է ունեցել հանգիստ մթնոլորտում՝ առանց լարվածության: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը՝ փոխանցելով Պաշտպանի դիրքորոշումը։

«Ընտրական ողջ գործընթացում Պաշտպանի աշխատակազմը քաղաքացիների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով արդյունավետ համագործակցություն է ունեցել ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև ոստիկանության շտաբի հետ։ Առանձնակի ուշադրություն է դարձվել դիտորդական ու լրագրողական աշխատանքների ապահովմանը»,- փոխանցեցին Պաշտպանի աշխատակազմից:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև ստորաբաժանում չունեցող մարզեր գործուղված աշխատանքային խմբերի թեժ-գիծ հեռախոսահամարներին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 89 ահազանգ, ուսումնասիրվել և վերլուծվել են լրատվամիջոցներում Երևանի և մարզերի տեղամասերում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ տեղ գտած ավելի քան 870 հրապարակումներ:

*

*