«Երեխայի թևից քաշելու համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվի»․ Վիգեն Քոչարյան

«Եթե, օրինակ, երեխան ցանկանում է գիշերվա ժամը 01:30-ին տնից դուրս գալ, ծնողը թևից քաշում է․․․․»
yntanekan-brnutyun

Ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակում շեշտը դրվել է Հայաստանի քրեական օրենսդրության մեջ գոյություն ունեցող ձևակերպումների վրա. նախագծում որևէ նոր տարր` կապված քրեական օրենսդրության մեջ առկա «ֆիզիկական բռնություն» եզրույթին չի ավելացվել:

«Մեր քրեական օրենսդրության մեջ երկար տարիներ գոյություն ունի «ծեծը և այլ բռնի գործողություններ» եզրույթը: Բնականաբար, այս եզրույթը, որը մենք ներառել ենք նաև առաջարկվող նախագծում, պետք է մեկնաբանվի այնպես, ինչպես մեկնաբանվել է երկար տարիներ շարունակ»,-  նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը` պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հարցին, թե ի՞նչ կարելի է հասկանալ «այլ բռնի գործողություններ» եզրույթի տակ:

Նախագծում ներառված է նաև «սեռական բռնություն» եզրույթը, որը նույնպես պետք է մեկնաբանել այնպես, ինչպես տարիներ շարունակ մեկնաբանվել է քրեական օրենսդրության մեջ:

Ռուստամ Մախմուդյանն ընդգծեց, որ առաջարկվող նախագծում «այլ բռնի գործողություններ» եզրույթը հասարակության շրջանում մտավախությունների առիթ է տվել:

«Եթե, օրինակ, երեխան ցանկանում է գիշերվա ժամը 01:30-ին տնից դուրս գալ, ծնողը թևից քաշում, ներս է բերում ու ասում՝ այս գիշերվա կեսին ո՞ւր ես գնում, սա այլ բռնի գործողությո՞ւն է, թե ոչ»,- հարցրեց պատգամավորը:

Ի պատասխան՝ Վիգեն Քոչարյանը ևս մեկ անգամ նշեց, որ այդ նույն ձևակերպումները կան ՀՀ քրեական օրենսգրքում:

«Եթե ոչ ոքի մտքով չի անցնում այդ թևից քաշելը մտցնել «այլ բռնի գործողություններ» եզրույթի տակ, ինչո՞ւ պետք է այս  օրենքի պարագայում այդպես համարվի: Իսկ եթե փորձենք ավելի ընդլայնել, ապա ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ այս օրենքի համատեքստում այդ ձևակերպումն ավելի մտահոգիչ է, քան քրեական օրենսգրքում: Այս օրենքի համատեքստում առավելագույնը, որ կարող է անձին սպառնալ, ժամանակավոր սահմանափակումներն են, սակայն քրեական իրավունքի ոչ ճիշտ մեկնաբանման դեպքում համապատասխան անձը կարող է երկար տարիներ հայտնվել ճաղերի ետևում: Սակայն և՛ մեր քրեաիրավական պրակտիկայում, և՛ այստեղ մենք նման դրսևորումներ չենք ունենա, և ոչ ոք երեխայի թևից քաշելու համար ոչ քրեական պատասխանատվության կենթարկվի, ոչ էլ այս օրենքից բխող ժամանակավոր սահմանափակումներին»,- պարզաբանեց փոխնախարարը:

*

*