Դատավորներն ու դատախազները կարող են «խուճապահար» չանցնել թոշակի

Առաջարկվում է նրանց, ովքեր արդեն իսկ ձեռք են բերել երկարամյա կենսաթոշակի անցնելու իրավունք...

Ազգային ժողովը քննարկում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և «Քննչական կոմիտեի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց.

«2014թ. հուլիսին ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանվեց, որ այն անձինք, ովքեր 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ ունեն 20 տարվա աշխատանքային ստաժ, կարող են անցնել երկարամյա կենսաթոշակի մինչև 2017թ. հուլիսի 1-ը: Նմանատիպ դրույթ սահմանվեց նաև «Քննչական կոմիտեի մասին» օրենքում: Արդյունքում մենք այսօր կանգնած ենք մի իրավիճակի առաջ, որ բազմամյա և բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված քննիչներ և դատախազներ, ովքեր ունեն 20 տարվա աշխատանքային ստաժ, պետք է 2017թ. հուլիսի 1-ից առաջ աշխատանքից ազատվելու դիմում գրեն, որպեսզի հետագայում չկորցնեն երկարամյա կենսաթոշակի անցնելու իրենց իրավունքը, քանի որ երկարամյա կենսաթոշակը կրկնակի բարձր է և այն ավելի մոտ է իրենց այսօրվա աշխատավարձերին»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ այդ անձինք մեծ ցանկություն ունեն շարունակել իրենց աշխատանքը, սակայն երկարամյա կենսաթոշակի անցնելու իրավունքից զրկվելու պատճառով ստիպված են ազատվել աշխատանքից:

Առաջարկվում է նրանց, ովքեր արդեն իսկ ձեռք են բերել երկարամյա կենսաթոշակի անցնելու իրավունք, թույլ տալ, որպեսզի շարունակեն աշխատել մինչև 65 տարեկանը, ինչպես նաև, 2017թ. հուլիսի 1-ից հետո ցանկացած պահի աշխատանքից ազատվելիս, ևս օգտվեն երկարամյա թոշակի անցնելու իրավունքից: Դրանով մենք կերաշխավորենք դատախազների, Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքները, կապահովենք նրանց հետագա աշխատանքը և կադրային սահուն քաղաքականությունը»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Ավելի ուշ կայացած քվեարկության ժամանակ օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ (55 կողմ, 25 դեմ)։

*

*