Երեւանի ավագանու ընտրություններ. հարուցվել է 7 քրեական գործ

Առանձնացվել է առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 81 հրապարակում:
glkhavor-datakhazutyun

14.05.2017թ. Երեւանի ավագանու ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի բազմաթիվ հրապարակումների մշտադիտարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում ձեւավորված աշխատանքային խումբն առանձնացրել է առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 81 հրապարակում:

Բացի հիշատակված հրապարակումներից, ստուգման առարկա են դարձել նաեւ  ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 39 ահազանգերը:

Նշված բոլոր հաղորդումներն օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ եւ ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ:

Աշխատանքային խմբի  կողմից ուսումնասիրված եւ առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր հաղորդումներով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 20.05.2017թ. դրությամբ հարուցվել է 7 քրեական գործ՝ 1-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի եւ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը եւ ընտրակաշառք տալը):

3-ը՝ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով (քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը).

1-ը միայն ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ընտրակաշառք տալը).

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 309-ր հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ընտրակաշառք տալը եւ պաշտոնեական լիազորություններն անցնելը).

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք).

Ձեռնարկված օրենքով նախատեսված միջոցների արդյունքում նշված ընդհանուր 120 հաղորդումներից 20.05.2017թ. դրությամբ 8-ը միացվել են նույն փաստի առթիվ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստվող նյութերին, 89-ով դրանցում նշված հանգամանքներն արդեն իսկ հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:

Մնացած 16 դեպքերով քննչական, դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝  նշված հաղորդումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

 

*

*