Ներկայացել է ոստիկանություն ու վերադարձրել փոխանակման կետից հափշտակած 7 մլն դրամը

Դեկտեմբերի 23-ին բաժին է ներկայացել կողոպուտը կատարած Ալբերտ Վանյանի հանցընկերը
koghoput

Երևանի Բաշինջաղյան փողոցում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի մոտ դեկտեմբերի 20-ին անհայտ անձը հարվածել է աշխատակցուհու գլխին և ձեռքից բացահայտ հափշտակելով պարկը, որի մեջ եղել է 7 միլիոն դրամին համարժեք գումար և դիմել փախուստի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Երևան քաղաքի վարչությունների և Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով դեկտեմբերի 22-ին  Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման էր ենթարկվել 1986 թվականին ծնված Ալբերտ Վանյանը:

Ձեռնարկված հետագա միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 23-ին բաժին է ներկայացել կողոպուտը կատարած Ալբերտ Վանյանի հանցընկերը՝ 1990 թվականին ծնված Ալբերտ Աղաջանյանը, ներկայացրել հափշտակված գումարը և տվել խոստովանական ցուցմունք:

Ալբերտ Վանյանը և Ալբերտ Աղաջանյանը ձերբակալված են:

Նախաքննությունը շարունակվում է:

*

*