Ոստիկանությունը հորդորում է հավաքների և երթերի կազմակերպիչներին՝ պահպանել օրենսդրության պահանջները — Երկիր Մեդիա

Ոստիկանությունը հորդորում է հավաքների և երթերի կազմակերպիչներին՝ պահպանել օրենսդրության պահանջները

Երթերն ունենում են 100-ից ավելի մասնակիցներ, սակայն...
vostikanutyun

ՀՀ ոստիկանությունը հորդորել է Երևանում հավաքների և երթերի կազմակերպիչներին և մասնակիցներին խստիվ պահպանել գործող օրենսդրության պահանջները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Այս օրերին Երևան քաղաքի վարչական տարածքում անցկացվում են հավաքներ և երթեր, որոնց ընթացքում խախտվում են հավաքների ազատության մասին օրենսդրության պահանջները: Մասնավորապես, երթերն ունենում են 100-ից ավելի մասնակիցներ, սակայն այդ առթիվ սահմանված կարգով իրազեկումներ չեն ներկայացվում համայնքի ղեկավարին, փակվում են փողոցների երթևեկելի մասերը, խոչընդոտվում է տրանսպորտային միջոցների և հետիոտնի շարժը: ՀՀ ոստիկանությունը հավաքների և երթերի կազմակերպիչներին և մասնակիցներին հորդորում է խստիվ պահպանել գործող օրենսդրության պահանջները, այդ թվում՝ անհամաչափորեն չսահմանափակել այլ անձանց հիմնական իրավունքները և հանրության շահերը, չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը, ինչպես նաև ձեռնպահ մնալ հասարակական կարգը խախտող գործողություններ կատարելուց:

ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ հավաքների կազմակերպիչների կամ մասնակիցների կողմից կատարված ցանկացած իրավախախտման օրենսդրության շրջանակում տրվելու է համարժեք իրավական գնահատական»,-նշված է ոստիկանության հայտարարության մեջ:

*

*