Ի՞նչ անել, երբ հայտնվում եք ոստիկանական բաժանմունքում

Այդ իրավիճակում ադեկվատ լինել գրեթե հնարավոր չէ
vostikan

Ինչպես ասում են` ոչ ոք ոչնչից ապահովագրված չէ: Երբեք չես կարող իմանալ հաջորդ քայլափոխիդ քեզ ինչ է սպասվում, երբ  են քո կյանք անկոչ հյուրի նման դուռն առանց թակելու մտնում փորձանքներն ու պատատահարները: Եթե այս ամենին հետևում է նաև ոստիկանական բաժանմունքում հայտնվելը, ապա գործն էլ ավելի է բարդանում՝ լրջության պահանջով:

Շատ են այնպիսի իրավիճակներ, երբ մարդը, հայտնվելով ոստիկանությունում որպես կասկածյալ, մեղադրյալ, տուժող կամ պարզապես վկա, առաջին հարցաքննության ժամանակ տալիս է այնպիսի ցուցմունքներ, որոնք արմատապես փոխվում են նախաքննության ավարտին կամ գործի դատական քննության փուլում:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Ղազարյանը նշում է, որ շատ դեպքերում դատարաններն արժանահավատ են համարում սկզբնական ցուցմունքները՝ հաշվի առնելով, որ սկզբնական շրջանում որևէ ճնշում անձի վրա չի կիրառվել եւ նա ինքնակամ է ցուցմունքներ տվել. «Լինում են նաև իրավիճակներ, երբ սկզբնական ցուցմունքները կամ բացատրությունները տալիս են առանց փաստաբանի մասնակցության կամ ներկայության: Հետո, երբ ներգրավվում է փաստաբան, նրանք տալիս են այլ ցուցմունքներ, մասնավորապես ասում են, որ չունեն որևէ առնչություն դեպքի հետ»:

Երբ առաջին անգամ են հայտնվում ոստիկանությունում կամ քննչական կոմիտեում, հոգեբանական մեծ լարվածություն է առաջանում: Այդ իրավիճակում ադեկվատ լինել գրեթե հնարավոր չէ: Մարդը կարող է այնպիսի բաներ ասել, որոնք հետագայում հնարավոր է՝ ճակատագրական դառնան:

«Ցանկալի է, որ անձը ներկայանա փաստաբանի հետ: Փաստաբանի ներկայությունը կարևոր է: Նա տիրապետում է մասնագիտական գիտելիքների. այդպիսով ավելի արդյունավետ պայմաններ են ստեղծվում անձի իրավունքների իրացման, օբյեկտիվ իրականությունը ներկայացնելու առումով: Օրինակ՝ ավտոմեքենա արդյոք նստել է իր կամքով, թե իր կամքին հակառակ: Մեկ-երկու բառի տարբերությունը շատ էական ազդեցություն կարող է ունենալ մեկ այլ անձի ճակատագրի կամ հենց իր ճակատագրի վրա»,-ասում է Տիգրան Ղազարյանը:

Փաստաբանը խորհուրդ է տալիս լրացուցիչ խնդիրներից խուսափելու և իրավիճակով պայմանավորված նոր բարդություններ չառաջացնելու նպատակով մինչև փաստաբանին դիմելը, չստորագրել որևէ փաստաթղթի տակ, չտալ որևէ ցուցմունք, բացատրություն, չանել որևէ հայտարարություն, պահպանել լռություն, չդիմադրել և վեճի չբռնվել իրավապահների հետ, իրավապահներից պահանջել փաստաբանի ներկայություն:

«Սկզբնական փուլում խնդիրները կանխարգելելու դեպքում, հետագայում դրանք լրացուցիչ բարդությունների չեն բերի:  Օրինակ, եթե անձը սկզբնական փուլում տվել է ցուցմունք սթրեսով, հոգեբանական լարվածությամբ պայմանավորված, այնուհետև երբ գնահատելով իրավիճակը, սկսում է ներկայացնել օբյեկտիվ ճշմարտությունն ըստ իրեն, ապա տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմինն արդեն խնդիր ունի պարզելու, թե որ ցուցմունքներն են ավելի արժանահավատ: Իսկ եթե անձը սկզբնական փուլում պահպանի լռություն, ապա խորհրդակցելով մասնագետի հետ՝ կկատարի գործողություններ, ինչը կբխի իր շահերից»,-խորհուրդ է տալիս Տիգրան Ղազարյանը:

Հեղինակ՝

Հրաչուհի Ալմաստյան

*

*