Ոստիկանությունը հետաքննություն է սկսել կեղծ «Կոկա Կոլա»-ի, «Ֆանտա»-ի արտադրության կապակցությամբ

Պարզվում են պատճառված վնասի չափերը
coca-cola2

ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայությունը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանություն՝ «Կոկա Կոլա», «Ֆանտա նարնջի համով» և «Ֆանտա էկզոտիկ» կեղծ ապրանքային նշաններով գազավորված ըմպելիքների արտադրության հայտնաբերման մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը, հաղորդման հիման վրա  կատարվում է հետաքննություն, պարզվում են պատճառված վնասի չափերը:

«ՀՀ ոստիկանությունը «Կոկա Կոլա», «Ֆանտա նարնջի համով» և «Ֆանտա էկզոտիկ» կեղծ ապրանքային նշաններով գազավորված ըմպելիքների արտադրության հայտնաբերման մասին հաղորդում է ստացել ՍԱՊԾ-ից: Նշված դեպքով կատարվում է հետաքննություն»,- ասաց Ջանոյանը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ կեղծ ապրանքը հայտնաբերվել է հունվարին, ինչից հետո այն ամբողջությամբ շուկայից հավաքվել է:

«Կեղծիքի աղբյուրը  կամ հնարավոր մյուս ապօրինի գործողությունները պարզելու համար տեղեկությունը փոխանցվել է  տարբեր պատկան կառույցներին, այդ թվում՝ իրավապահներին: ՀՀ ոստիկանության ծառայությունը հաղորդման հիման վրա գործողություններ է սկսել»,- ասաց նա:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ խոսքը կեղծված ըմպելիքների ավելի քան 3000 շշի մասին է, սակայն ՍԱՊԾ-ում կոնկրետ թվեր չնշեցին:

*

*