Ոստիկանությունը պարզաբանում է անձնագրերի տրամադրման եղանակը

Ոչ թե շրջանառությունից հանվեցին նույնականացման քարտերը և բիոմետրիկ անձնագրերը, այլ թույլատրվեցին ստանալ նաև հին նմուշի անձնագրեր՝ ըստ ցանկության։
andznagir

Ոստիկանությունը պարզաբանել է կենսաչափական անձագրերի տրամադրման առնչվող հարցեր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզաբանման մեջ նշված է. «Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է մի շարք հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը, որով մտահոգություն է հայտնվում բիոմետրիկ անձնագրերի տրամադրման առնչությամբ և կոչ է արվում վերականգնել այն:

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը բազմիցս տվել է պարզաբանումներ և անհրաժեշտ ենք համարում ավելացնել նաև հետևյալը:

Հին նմուշի անձնագրերը շրջանառության մեջ դնելու հանգամանքը երբեմն որոշ անձանց կողմից մեկնաբանվում էր որպես բիոմետրիկ անձնագրերի բլանկների բացակայություն: Մեկ անգամ ևս իրազեկում ենք, որ այն պայմանավորված է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշմամբ, որով պահանջ է դրվում ապահովելու այն անձանց անձը հաստատող փաստաթուղթ ստանալու իրավունքը, ովքեր հրաժարվում են ստանալ նույնականացման քարտ և բիոմետրիկ անձնագիր: Նշվածով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության կողմից շրջառության մեջ դրվեցին օրինագծերի նախագծեր, որոնք ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո ուժի մեջ մտան 2016 թ. օգոստոսի 6-ին:

Փոփոխությունների համաձայն՝ ոչ թե շրջանառությունից հանվեցին նույնականացման քարտերը և բիոմետրիկ անձնագրերը, այլ թույլատրվեցին ստանալ նաև հին նմուշի անձնագրեր՝ ըստ ցանկության (առանց կենսաչափական տվյալների):

Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ ներկայումս կենսաչափական անձնագրեր չեն տրամադրվում, տեղին չէ: 2016 օգոստոսի 6-ից սկսած մինչ այժմ (28.09.2016 թ. դրությամբ) տրամադրվել է 1454 կենսաչափական անձնագիր»:

*

*