Ոստիկանների մասնակցությամբ խուլիգանության փաստերով 2 քրգործ ընդունվել է ՀՔԾ վարույթ

Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել․․․
vostikan

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեում քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով քննված 2 քրեական գործ:

Քրեական գործերից մեկով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 2017 թվականի հոկտեմբերի 27-ին ` ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որոնց շարքում եղել է նաև ՀՀ ոստիկանության ջոկի հրամանատար Գ. Ս.-ն:  Վերջինս տևական ժամանակ հայհոյանքներ է տվել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել վիճաբանության մասնակիցներին:

Քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Խուլիգանության հատկանիշներով հարուցված մյուս քրեական գործի նյութերով պարզվել է, որ 2017 թվականի հունիսի 5-ին` Երևան քաղաքի գիշերային ակումբներից մեկի դիմաց, ժամը 01:10-ի սահմաններում, ակումբի աշխատակիցների և մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններ Հ. Ս.-ն ու Ա. Ա.-ն:

Միջադեպի մասնակիցներից երկուսը ցուցմունքներ են տվել, որ ոստիկանության վերոհիշյալ աշխատակիցներն իրենց տեղափոխել են ակումբի սենյակներից մեկը և քաղաքացիական հագուստով երեք անձանց հետ ծեծի ենթարկել:

Այսպիսով, հաշվի առնելով, որ խուլիգանության հատկանիշներով հարուցված հիշյալ քրեական գործի նյութերում ևս առկա են ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված հանցագործության հատկանիշներ, ուստի այն նույնպես քննչական ենթակայության կարգով ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

*

*