Առաջարկվում է Վարչական վերաքննիչ դատարանում ավելացնել դատավորների թիվը

...բեռնաթափելու համար Վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը
dataran

Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստի շրջանակում քննարկման դրվեց առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Որպես հիմնական զեկուցող հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ փաթեթն ուղղված է բեռնաթափելու Վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը:

«Խոսքը, մասնավորապես, Վարչական վերաքննիչ դատարանում մեկ լրակազմ ավելացնելու, այսինքն՝ եւս երեք դատավորի հաստիք ունենալու մասին է»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ասաց նա:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ շատ կարեւոր է  ավելացնել Վերաքննիչ դատարանի դատավորների քանակը, սակայն ոչ առաջին ատյանի դատարանի դատավորների հաշվին:

«Չափազանց կարեւոր է դատավորների քանակը յուրաքանչյուր 100  հազար բնակչի հաշվարկով, եւ եթե դրանց քանակը պակաս է լինում, տուժում են արդար դատավարության մի շարք բաղադրատարրեր, օրինակ՝ ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքի բաղադրատարրը: Անկախ նրանից շահել է, թե պարտվել, եթե արդարադատությունը ուշացված է,  դա համարվում է մերժված արդարադատություն»,-ասաց Արտակ Զեյնալյանը՝ ընդգծելով, որ հարկավոր էր ընդամենը տարեկան 64 մլն դրամ առաջին ատյանի դատարանի դատավորների քանակը չպակասեցնելու եւ ավելացնելու վերաքննիչ դատարանների դատավորների քանակը:

*

*