Վերահսկիչ պալատը Սփյուռքի նախարարությունում խախտումներ է արձանագրել

Ստուգմամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի կողմից 2015 թվականին տարածքի վարձակալության և տեխսպասարկման համար վճարվել է 1 մլն 805.8 հազ. դրամ:
hranush-hakobyan

tert.am— Վերահսկիչ պալատը ուսումնասիրել է Սփյուռքի նախարարության 2015 և 2016 թվականների ծախսերը և որոշ խախտումներ է հայտնաբերել:
Նախարարությունը  «Հայրենիք — սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ին` «Հայերն այսoր» էլեկտրոնային օրաթերթի և էլեկտրոնային գրադարանի պահպանման ծախսերի համար հատկացրել է յուրաքանչյուր տարի 30 մլն 36.4 հազ. դրամ: Ստուգմամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի կողմից 2015 թվականին տարածքի վարձակալության և տեխսպասարկման համար վճարվել է 1 մլն 805.8 հազ. դրամ: 2016 թվականից էլեկտրոնային օրաթերթի և գրադարանի աշխատողները տեղակայվել են նախարարության մասնաշենքի տարածքում և նշված ծախսի անհրաժեշտությունը վերացել է: Հետևաբար, նախարարության և ՊՈԱԿ-ի միջև 2016 թվականին կնքված պայմանագրի արժեքն անհրաժեշտ է վերանայել և 1 մլն 805.8 հազ. դրամ վերադարձնել պետական բյուջե:

Սիրիահայ ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով  կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից հատկացված  24 մլն 656 հազ. դրամը նախարարությունը նվիրաբերել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը: Վերահսկիչի ստուգման ընթացքում հատկացված գումարի 3 մլն 131 հազ. դրամ մնացորդը կազմակերպությունը վերադարձրել է պետական բյուջե:

Ուսումնական գրականությունը պահեստավորելու համար սփյուռքի նախարարության և «Զանգակ-97» ՍՊԸ միջև 1 մլն 500 հազ. դրամ արժեքով պայմանագիրը կնքվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 17-րդ և 20-րդ հոդվածների պահանջների խախտումով` վարձատուն ընտրվել է առանց մրցույթ անցկացնելու` բանակցային ընթացակարգով առանց հայտարարություն հրապարակելու գնման ձևով:

Մյուս կողմից՝ նախարարության հրատարակած գրքերը մնացել են պահեստում: 2015 թվականին Նախարարության կողմից հրատարակված 2100 հատ «Հայկական սփյուռք 2014» տարեգրքերից ստուգման պահի դրությամբ պահեստում մնացորդը կազմել է 1075 հատ, նախորդ տարվա «Հայկական սփյուռք 2013» տարեգրքերի մնացորդը` 630 հատ, կամ յուրաքանչյուր տարի առաջանում է տարեգրքերի չբաշխված մեծ քանակի և արժեքի մնացորդ:

Ուստի պետական բյուջեից հատկացված միջոցների արդյունավետ օգտագործումը ապահովելու նպատակով վերահսկիչ պալատը սփյուռքի նախարարությանն առաջարկել է կրճատել «Հայկական սփյուռք» տարեգրքի տպագրվող խմբաքանակը և սահմանել չափորոշիչներ` գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար ու կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների արժեքները որոշելու համար և ապահովել վերադարձման ենթակա գումարի մուտքը պետական բյուջե:

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններ» ծրագրով նախարարությանը պետական բյուջեից յուրաքանչյուր տարի հատկացվել է 14 մլն 400 հազ. դրամ: 2015 թվականին սփյուռքի նախարարությունը կնքել է պայմանագրեր՝ 12 գիտական հետազոտություն կատարելու համար, յուրաքանչյուրը` 1 մլն 200 հազ դրամ արժեքով: Նախարարության կողմից չի մշակվել ընթացակարգ` պատվիրվող հետազոտությունների գնահատման չափորոշիչները որոշելու համար, ու արդյունքում տարբեր բարդության և ծավալի հետազոտությունների համար պայմանագրերով սահմանվել և վճարվել է միևնույն չափի գումար:

2015 թվականին «Այլ վարձատրություններ» հոդվածի միջոցների հաշվին 3 մլն 958.3 հազ. դրամով պարգևատրվել են նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողները, որոնց պարգևատրումը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն կարող էր կատարվել միայն «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին:

 

Մեկ Մեկնաբանություն
  • Վերահսկիչ պալատը Սփյուռքի նախարարությունում խախտումներ է արձանագրել — Armenian National Committee of America
    25 ноября 2016 at 00:01

    […] Source: Yerkir Media Link: Վերահսկիչ պալատը Սփյուռքի նախարարությունում խախտումն… […]

  • *

    *