Տեսալուսանկարահանող սարքերը՝ վարորդների դժգոհության հիմնական թեմա

Որոշումների վերանայման վերաբերյալ մեծածաքանակ հայցեր են ներկայացվում ՀՀ վարչական դատարան:
aragachap

Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերն ու դրանց հետ կապված խախտումները շարունակում են դժգոհության առիթ հանդիսանալ վարորդների շրջանում: Վարչական տույժ նշանակելու մասին որոշումների վերանայման վերաբերյալ մեծածաքանակ հայցեր են ներկայացվում ՀՀ վարչական դատարան:

«Երթևեկության ժամանակ նկարահանման մեջ երևում է, որ կարմիր լույսի տակ հատել եմ խաչմերուկը: Բողոքարկման ժամանակ պարզ դարձավ, որ մեքենան խաչմերուկ է մուտք գործել, երբ դեռ կարմիր լույս չի եղել, պարզապես երթևեկության խտության պատճառով, որոշ ժամանակ մնացել եմ խաչմերուկում: Երբ տեսանկարահանումը նայեցին 30 վրկ առաջ տալով, պարզ դարձավ, որ խախտում չեմ կատարել: Բողոքարկել եմ, հայցը բավարարվել է»,-ասում է 45-ամյա վարորդ Արսեն Ղազարյանը:

Քաղաքացիների շրջանում բողոքի ալիք են բարձրացնում նաև երթևեկելի մասի հետ հետիոտնային անցման շփման եզրից հեռավորությունը, երթևեկելի մասերի հատման վրա և հատվող երթևեկելի մասի եզրից հեռավորությունը անվտանգության ամրագոտին չամրակապված վիճակում ենթադրաբար վարելու, տրանսպորտային միջոցը երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կամ երկրորդ շարքում տեղակայելու  համար նշանակված վարչական տույժ նշանակելու մասին որոշումները:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Ղազարյանը նշում է, որ իրավակիրառ պրակտիկայում քաղաքացիները հիմնականում վիճարկում են այնպիսի վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ, որոնցում նկարագրված ենթադրյալ իրավախախտման կատարման փաստը կասկած է հարուցում ապացույցների անբավարարության կամ գնահատողական հասկացությունների պատճառով:

«Օրինակ՝ պրակտիկայում հաճախ են բողոքարկում ՀՀ կառավարության 2007թ.-ի 955-Ն որոշմամբ սահմանված 84-րդ կետի 4-րդ ենթակետի (չի պահպանել «երթևեկելի մասի հետ հետիոտնային անցման շփման եզրից 5 մ հեռավորությունը»), 6-րդ ենթակետի (չի պահպանել «երթևեկելի մասերի հատման վրա և հատվող երթևեկելի մասի եզրից 5 մ հեռավորությունը»),  պահանջների ենթադրյալ խախտման համար նշանակված վարչական տույժ նշանակելու մասին որոշումները»:

Ըստ փաստաբանի՝ հասցեագրված տեսանյութից ոչ մի կերպ պարզ չէ և կասկած է հարուցում, թե արդյոք հայցվորի կողմից պահպանվել է այդ 5 մ հեռավորությունը, թե ոչ: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ առկա չեն երթևեկելի մասի եզրից 5 մետր հեռավորությունը տարբերակելու համար որևէ կողմնորոշիչ, այն է՝ գծանշում, որը հստակ կարող է հնարավորություն ընձեռել պարզելու ենթադրյալ իրավախախտման առկայության, կամ բացակայության հարցը:

Նշենք, որ ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումները վիճարկելու նպատակով ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելիս քաղաքացիներն ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից, բացի այդ որոշման բողոքարկումը կասեցնում է դրա գործողությունը մինչև դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում ապացուցման պարտականությունը դրված է վարչական մարմնի վրա, այլ կերպ ասած սույն գործերով ենթադրյալ իրավախախտման կատարման փաստի ապացուցման պարտականությունը դրված է ՀՀ Ճանապարհային ոստիկանության վրա, ուստի այն դեպքերում, երբ վերջինս չի ներկայացնում համապատասխան ապացույցներ, ապա այն հանգեցնում է կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշման բեկանման:

Հեղինակ՝

Հրաչուհի Ալմաստյան

*

*