Վարչական դատարանի նման ծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում. վարչապետ

Վարչապետը հանձնարարական տվեց...
karen-karapetyan-nist-26102017

Ի տարբերություն դատական կարգով վարչական ակտերի բողոքարկման, վարչական կարգով բողոքարկումն իրականացվում է առանց որևէ վճարների և անհամեմատ ավելի կարճ ժամանակահատվածում։ Սակայն, իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ վարչական ակտերը մեծամասամբ բողոքարկվում են ոչ թե վարչական, այլ դատական կարգով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, խնդիրը հատկապես պայմանավորված է վարչական կարգով բողոքարկումների դեպքերում՝ կայացված որոշումների հիմնականում անբավարար պատճառաբանվածության, բողոքարկման քննության ամբողջականության ապահովման գործնական բացերով։

«Միաժամանակ վարչական կարգով մերժված բողոքները հաճախ բավարարվում են դատական քննության արդյունքում։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ վարչական դատարանում 2017 թվականի նոյեմբերի դրությամբ քննության փուլում է գտնվում շուրջ 9,200 գործ։ 2017 թվականի նոյեմբերին վարչական դատարան հանձնված գործերով առաջին դատական նիստի օր նշանակվում է ըստ էության 2018 թվականի հունվարին, իսկ վերաքննիչ վարչական դատարան հանձնված գործերով դատաքննություն է նշանակվում 2019 թվականին։ Վարչական դատարանի նման ծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում մարդկանց արդար դատաքննության իրավունքի մատչելիության, ինչպես նաև գործարար միջավայրի պաշտպանվածության տեսանկյունից»,- ասաց ՀՀ վարչապետը:

Ելնելով վերոնշյալից՝ գործադիրի ղեկավարն Արդարադատության, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Գյուղատնտեսության նախարարներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Ոստիկանության պետին հանձնարարեց և Երևանի քաղաքապետին առաջարկեց 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչական ակտերի՝ վարչական կարգով բողոքարկումների որակի, պատճառաբանվածության, արդյունավետության և թափանցիկության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:

«Պարոն Հարությունյան, երեք ամիսը շատ է, չենք կարող ավելի կարճ անել», — արդարադատության նախարարից հետաքրքրվեց վարչապետը: Դավիթ Հարությունյանն էլ ասաց, որ հնարավոր է ավելի կարճ ժամկետում անել: «Երկու ամիս»,- նշեց վարչապետը:

*

*