Վանաձորում կրակոց արձակած անձը բերման է ենթարկվել

Մուրադյանը կրակել է իր մոր անունով հաշվառված «Մավերիկ» տեսակի ողորկափող որսորդական հրացանով
hracan

Օգոստոսի 12-ին, ժամը 20:10-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Վանաձորի «Արհեստական լճեր» կոչվող տարածքում լսվել է կրակոցի ձայն, որից հետո այդ վայրում հավաքված անձինք փախել են:

Այնուհետեւ «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն է ահազանգ ստացվել, որ «աջ ազդրի բաց բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ: Ըստ բժիշկների՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալու:

Ոստիկանությունը պարզել է որ, ըստ նախնական տվյալների, «Լճեր» սրճարանում երիտասարդին հրազենային վնասվածք է պատճառել «Կոկո» մականվամբ Կորյուն Մուրադյանը:

Պարզվել է նաև, որ Մուրադյանը կրակել է իր մոր անունով հաշվառված «Մավերիկ» տեսակի ողորկափող որսորդական հրացանով, ինչից հետո զենքը նետել է հարակից գետն ու փախել:

Դեպքից ժամեր անց Կորյուն Մուրադյանը հայտնաբերվել և հրազենային վիրավորում պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին: Հրացանը հայտնաբերվել է գետում: Կատարվում է քննություն:

Հիշեցնենք, որ 27-ամյա երիտասարդին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ քրգործ էր հարուցվել։

*

*