Վաչագան Ղազարյանը կալանավորվել է

Նա մինչև 2018թ.-ի մայիսի 17-ը զբաղեցրել է ՀՀ ԿԱ ԱԱԾ ՊՊԾ պետի առաջին տեղակալի պաշտոնը:
vachagan-ghazaryan

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 27-ին Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Մասնավորապես, նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:

Ղազարյանը մինչև 2018թ.-ի մայիսի 17-ը զբաղեցրել է ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը:

Հունիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Հունիսի 28-ին դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Վ. Ղազարյանը կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Նախաքննությունը շարունակվում է:

*

*