Բացահայտվել է շուրջ 2 կգ 400 գրամ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք

Պարզվել է հանցավոր խմբի մեջ ներգրավված 4 անձի ինքնությունը, որոնցից մեկը՝ իգական սեռի։
tmranyut

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 2 կգ 400 գրամ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վրաստանի քաղաքացի հանդիսացող ազգությամբ հայ, 1982թ. ծնված տղամարդը Հայաստանում զբաղվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Քննությամբ պարզվել է, որ վերջինս խմբի կազմում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, Երևանում վարձակալած բնակարանում պահել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի, այդ թվում՝ 303,32 գրամ «Հաշիշ», 3,2827 գրամ «ՄԴՄԱ» (մեթիլենդիօքսիմեթամֆետամին), 1 կիլոգրամ 965 գրամ այլ ֆորմուլայով «Սփայս» տեսակի, և 123.41 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց։

Քրեական գործով պարզվել է հանցավոր խմբի մեջ ներգրավված 4 անձի ինքնություն, որոնցից մեկը՝ իգական սեռի։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Մյուս երկուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

4-րդ մեղադրյալի՝ Վրաստանի քաղաքացի հանդիսացող, ազգությամբ հայ, 36-ամյա տղամարդու նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրելի էր համարել գրավի կիրառումը՝ որպես գրավի չափ սահմանելով 20 մլն ՀՀ դրամ։ 2019թ. հունվարի 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անթույլատրելի է ճանաչել գրավի կիրառումը և բեկանել ստորադաս դատարանի որոշումը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ նրան առաջադրվել է նոր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները