«Իրավունքի ուժ». Տեսախցիկից խուսափող դատավորները

Արձանագրվել է դռնբաց դատական նիստերը լուսաբանելու սահմանափակման 4 և խոչընդոտման 1 դեպք։
dataran-nkarahanel

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2017 թվականի մայիս-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրել է լրագրողների՝ դռնբաց դատական նիստերը լուսաբանելու սահմանափակման 4 և խոչընդոտման 1 դեպք։

Մայիսի 17-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քաղաքացիական գործի նիստի ժամանակ «Առաջին լրատվական»-ի թղթակիցը դիմել է դատավոր Տաթևիկ Ստեփանյանին՝ նիստը լուսանկարահանելու և տեսանկարահանելու թույլտվության համար: Դատավորը որոշել է թույլ տալ նկարահանումը, սակայն սահմանափակ ժամանակով՝ 5 րոպե, որից հետո պահանջել է անջատել տեսախցիկը:

Մայիսի 24-ին էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը Սարի թաղի գործով դատաքննության ընթացքում սահմանափակել է լրագրողների լուսա/տեսանկարահանում կատարելու ժամանակը՝ սահմանելով 10 րոպե։

Հուլիսի 3-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթեւ Խաչատրյանի աշխատանքը խոչընդոտելու առթիվ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստի ժամանակ դատավոր Վարդան Գրիգորյանը լրագրողներին չի թույլատրել նկարահանումը։

Հուլիսի 11-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանը Նարինե Դանիելյանի սպանության գործով ընթացող դատաքննության ժամանակ արգելել է լրագրողներին տեսա/լուսանկարահանում իրականացնել, թեև դատավարության կողմերից որևէ մեկը չի առարկել:

Հուլիսի 11-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ ընթացող դատական նիստի ժամանակ «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբին մինչ նիստի մեկնարկը դահլիճից դուրս են հրավիրել կարգադրիչները, լրագրողները նույնիսկ չեն հասցրել ներկայացնել միջնորդություն նկարահանում իրականացնելու համար:

 

 

*

*