«Երևան» հիմնադրամի գործով Տարոն Մարգարյանը կազատվի պատասխանատվությունից. ԱԱԾ տնօրեն

...պարտավորություն է ստանձնել վերականգնել 1 մլրդ 810 մլն գումարը:
taron-margaryan

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևան» հիմնադրամի գործով հարցաքննվել է ու ընդունել, որ այնտեղ եղել են որոշակի բացթողումներ, չարաշահումներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ «Երևան» հիմնադրամը պարտավորություն է ստանձնել` վերականգնել 1 մլրդ 810 մլն գումարը:

«1 մլրդն արդեն իսկ վճարված է, առաջիկա օրերին մնացածը կվճարվի: Տարոն Մարգարյանն այդ մասով ազատվելու է պատասխանատվությունից, քանի որ ես ԱԱԾ տնօրեն նշանակվելու առաջին իսկ օրվանից հայտարարել եմ, որ հակված չեմ մարդկանց լցնել բերդերը: Եթե ֆինանսական չարաշահում է արվել, կարծում եմ, որ ավելի արդյունավետ է, որ այդ գումարները վերադարձնեն»,- ասաց Վանեցյանը:

Նա հիշեցրեց, որ Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված ևս մեկ գործ՝ նրա ունեցվածքի մասով: «Քննությունը շարունակվում է, և եթե կհիմնավորվի, որ ապօրինի ճանապարհով է այն ձեռք բերվել, ընթացք կտրվի»,- հայտնեց ԱԱԾ տնօրենը` հավելելով, որ քննություն է կատարվում նաև «Փյունիկ» և «Բիայնա» հիմնադրամների հետ կապված:

*

*