«Արտասահմանցուն ակտ են ուղարկել ոչ թե նրա կատարած խախտման համար, այլ` տեղացու»

«Սեքյուրիթի Դրիմ»-ի նախագահը պատմել է, թե ի՞նչ խախտում են արել իրենց աշխատակիցները, որի առիթով քրեկան գործ է հարուցվել։
security -dream

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության նախագահ Գուրգեն Զաքարյանը panorama.am-ի հետ զրույցում պատմել է, թե մասնավորապես ի՞նչ խախտում են արել իրենց նախկին աշխատակիցները տուգանքների հետ կապված։

«Նրանց ամբողջ այդ գործունեությունը տևել է մի երեք օր, իսկ վնասը հասել է 450 հազարդ դրամի: Իսկ նրանք այդ ամենն արել են Ճանապարհային ոստիկանություն գործուղման ժամանակ: Առիթից օգտվել են ու ինչ-որ անձանց լավություն են արել»,- ասել է նա:

Հարցին, թե ո՞ւմ են լավություն արել, պաշտոնյաների՞, Զաքարյանը պատասխանել է. «Առիթից օգտվել են ու արտասահմանցուն ակտ են ուղարկել ոչ թե նրա կատարած խախտման համար, այլ տեղացու: Լավություն են արել ու ինչ-որ գումար վերցրել դրա դիմաց»: Նրա խոսքով, միայն ներկայացված բողոքի դեպքում է պարզվել, որ կատարվածը կեղծիք է:

«Սեքյուրիթի Դրիմ»-ի տնօրենի խոսքերից պարզվում է, որ իրենց աշխատակիցները հաճախ են գործուղվում Ճանապարհային ոստիկանություն օգնելու ոստիկաններին, քանի որ վերջինները տուգանքների ժամկետների մեջ չեն հասցրել տեղավորվել:

«Գնացել են ՃՈ, օգնել են, որ թղթերը համակարգեն, դասավորեն, առիթից օգտվելով, խախտման մասին ակտը ուղարկել են ոչ թե հասցեատիրոջը, այլ սխալ հասցեով, իսկ խախտում արածը վճարել է աշխատողին: Բայց հետո համ աշխատողներն են պատժվել, համ էլ խախտում արած քաղաքացին, որը քիչ է վճարել, բայց հետո խախտումն ամբողջությամբ վճարել է: Ինքը չի օգտվել»,- կեղծիքի սխեման ներկայացրել է «Սեքյուրիթի Դրիմ»-ի ղեկավարը:

Հիշեցնենք, որ «Հատուկ քննչական ծառայությունն» օրերս հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացրել էր, թե ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված, վճարման ենթակա տուգանքները չվճարելու ու պետությանը խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցներ՝ Կ. Զ.-ն և Ս. Տ.-ն կալանավորվել են:

Ըստ ՀՔԾ-ի, այս անձինք «նախնական համաձայնությամբ, ինչպես գույքային օգուտ ստանալու, այնպես էլ՝  անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ լիազորություններն օգտագործել են կազմակերպության շահերին հակառակ, պատրաստել և օգտագործել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որի հետևանքով կազմակերպության և պետության օրինական շահերին պատճառվել է խոշոր չափերով գույքային վնաս»:

Նույն հաղորդագրությամբ ՀՔԾ-ն տեղեկացրել էր, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիշյալ աշխատակիցները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու համար: Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ,  որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Շարունակությունն՝ այստեղ

*

*