Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 11-ին արտագնա նիստն անցկացրեց Գյումրիում: Օրակարգում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ ընդհանուր հանդիպում-խորհրդակցությունից զատ` ընդգրկված էր դատարանի նախագահի ընտրությունը:
Նիստի մեկնարկին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը նկատեց, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ Գյումրիում հանդիպելու ցանկությունը պայմանավորված է նախևառաջ գյումրեցիներին իրենց հարգանքի տուրքը մատուցելով:
Գագիկ Հարությունյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Խորհրդի կողմից ընդունված որոշումների վրա՝ առանձնակի կարևորելով 2018 թվականի ապրիլի 12-ին ընդունված որոշումը՝ անթույլատրելի համարելով կոնկրետ գործի շրջանակում ստացված ցանկացած միջամտություն, որը կդիտվի դատական անկախությունը ոտնահարող խոչընդոտ:
«Մենք ցանկանում ենք ձեզ փոխանցել այս պատգամը, որ թե‘ Գյումրիում, թե‘ Հայաստանի բոլոր անկյուններում այսուհետ որևէ մեկը եթե փորձի դատավորին ինչ-որ ձևով առաջարկ կամ ցուցում տալ, այն կդիտվի որպես ոչ միայն իր անկախությունը խաթարող, այլև, ընդհանրապես, արդարադատության դեմ ուղղված քայլ: «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը շատ հստակ սահմանել է, որ եթե նման բան տեղի ունենա, դատավորը պարտավոր է հայտնել Բարձրագույն դատական խորհրդին»,-մասնավորապես նշեց Գագիկ Հարությունյանը:
Հատուկ ուշադրություն հրավիրվեց դատավորների վարքին, անձնական օրինակին ու պատասխանատվությանը: Հույս հայտնվեց, որ Գյումրին կարող է օրինակելի դառնալ այս ոլորտում ներկա համակարգային փոփոխություններն իրականացնելիս:
Արտագնա նիստի ավարտին Խորհուրդն անցկացրեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրություն՝ դատարանի դատավորների կազմից, ինչպես պահանջում է օրենքը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրությունն անցավ երկու փուլով:
Երկրորդ փուլի արդյունքներով՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Գագիկ Հովհաննիսյանը:
Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորություններն ստանձնելու օրվանից եռամսյա ժամկետում, իր հաստատած ժամանակացույցի համաձայն, Դատական դեպարտամենտից ստանում է համապատասխան դատարանների դատավորների ցուցակները և իրականացնում է առաջադրման գործընթացը: Ուստի, բոլոր դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների առաջադրումը, ընտրությունը կամ նշանակումը պետք է ավարտվի մինչև 2018թ. օգոստոսի 5-ը: