Սեյրան Օհանյանը բացառեց ցուցակի ձեւավորման հարցում Սամվել Բաբայանի ազդեցությունը

«Իմ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն գործել»

Եվս մեկ նախընտրական դաշինք այսօր կազմվեց, այն էլ շատերի համար, բավական անսպասելի: Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանն այսօր հուշագիր են ստորագրել՝ խորհրդարանական ընտրություններին միասին՝ դաշինքով մասնակցելու վերաբերյալ: Նախկին նախարարների միջեւ այս հուշագրի ստորագրումն այդքան հետաքրքիր չէր լինի, եթե դրան չնախորդեր Վիկտոր Դալլաքյանի ասուլիսը: Դալլաքյանը ասուլիսում որոշ մանրամասներ է ներկայացրել այս դաշինքի ձեւավորման ընթացքի եւ ընտրական ցուցակի կազմման վերաբերյալ:

Դալլաքյանը հայտարարել է, որ հեռանում է Օհանյան-Օսկանյան համագործակցությունից: «Իր իրավունքն է»,- Դալլաքյանի հեռանալուն այսպես է արձագանքել Սեյրան Օհանյանը:

Գեներալը, դիվանագետը եւ «Ժառանգությունը». այսպես ներկայացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը իր, Սեյրան Օհանյանի ու Վարդան Օսկանյանի միջեւ այսօր ձեւավորված դաշինքը, մինչդեռ հունվարին ստորագրված համաձայնագրով՝ երրորդը դաշինքում պիտի լիներ Վիկտոր Դալլաքյանը: Երեկ արդեն հայտնի էր, որ Դալլաքյանը հեռանում է: Այսօր նա նաեւ պատաճառները ներկայացրեց. ասաց՝ համագործակցության ներսում գաղտնի, ստվերային գործընթացներ են տարվել.

«Փետրվարի 6-ին գրասենյակ է այցելել Սամվել Բաբայանը, ներկայացրել է ցուցակ: Այդ ցուցակը փորձել է դարձնել քննարկման առարկա: Ասում է հրապարակային գործունեություն չի ծավալում, բայց այցելում է գրասենյակներ: Ես մերժել եմ Սամվել Բաբայանի առաջարկությունները, ստվերային գործունեություն է, ոչ հրապարակային, ինձ համար անընդունելի է: Ըստ Դալլաքյանի՝ Բաբայանի ներկայացրած ցուցակում առաջինը Սեյրան Օհանյանն է, հետո Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը: Առաջին տասնյակում 7 անուն «Համախմբումից» է եղել: Դալլաքյանը եղել է 11-րդը:

Նա վստահեցնում էր, որ Օսկանյան-Օհանյանից հեռացել է ոչ թե ցուցակում տեղի պատճառով, այլ որովհետեւ խախտվել է դաշինքի ցուցակը ձեւավորելու համամասնությունը:

Ինչո՞ւ Սեյրան Օհանյանը չգնահատեց իր հետ ամիսներ շարունակ բանակցած, սկզբունքներ համաձայնեցրած Վիկտոր Դալլաքյանին. հարցրեցինք Պաշտպանության նախկին նախարարին:

«Հեռանալը յուրաքանչյուրի իրավունքն է, ես հարգում եմ յուրաքանչյուրի որոշումը: Ես պատասխանատու եմ, իմ համար բոլորը հավասար են՝ յուրաքանչյուր քաղաքացի: Իմ համար թանկ է յուրաքանչյուր կուսակցության, անհատի որոշումը: Հարգալից, փոխադարձ քննարկումների արդյունքում է ձեւավորվել»,- նշեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը:

Վերջինս բացառեց նաեւ դաշինքի ներսում եւ ցուցակի ձեւավորման հարցում ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին նախարար Սամվել Բաբայանի ազդեցությունը.

«Ես ընդհանուր առմամբ ազատ անձնավորություն եմ, օգտվում եմ իմ իրավուքներից, եւ իմ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն գործել: Ինքս էլ, գալով բանակից, երբեք չեմ փորձել ազդել որեւէ անհատի վրա: Սամվել Բաբայանի հետ ունենք հարաբերություններ, բայց որ նա մեծ դերակատարում է ունեցել մեր գործունեության վրա, այդպես չէ»:

Գրանցման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր ներկայացնելուն մնացել է ընդամենը 2 օր, բայց Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքը, կազմակերպիչներն ասացին՝ բաց է: Այս դաշինքում է նաեւ «Արդարություն» կուսակցությունը, Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցությունը», հանրապետական, նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի ղեկավարած «Անկախ դատավոր» եւ «Կարմիր բերետներ» կամակերպությունները:

«Կարմիր բերետները մեզ պետք են գալու», հիմնավորեց Ժառանգության Արմեն Մարտիրոսյանը։

Պատրաստեց՝

Մարիամ Բարսեղյանը

*

*