Սեֆիլյանի գրասենյակից իրավապահները առգրավել են համակարգիչներ, հին փաստաթղթեր, դաշտային քարտեզներ

Միևնույն ժամանակ նա հերքեց տարածված տեղեկությունները, թե ինքը ձերբակալվել է:
Varujan-avetisyan

panorama.am— Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Սարդարապատ» շարժման գրասենյակում խուզարկություն է կատարվել, որի ժամանակ իրավապահներն իրենց հետ տարել են համակարգիչներ, խունացած, հին փաստաթղթեր, դաշտային քարտեզներ: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Միևնույն ժամանակ նա հերքեց տարածված տեղեկությունները, թե ինքը ձերբակալվել է:

«Մեր խմբից ձերբակալվել է միայն պարոն Սեֆիլյանը», -փոխանցեց պարոն Ավետիսյանը:

Մեր հարցին, թե արդյոք Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալե՞լ են նոյեմբերին Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի գործի շրջանակներո՞ւմ, Ավետիսյանը պատասխանեց.

«Ես կարդացել եմ խուզարկություն կատարելու վերաբերյալ դատարանի որոշումը, որտեղ նշված է, որ երկու հոգու ձերբակալել են զենք-զինամթերք փոխադրելու համար և այդ գործով խուզարկություն են անցկացնում՝ գրասենյակում զենք զինամթերք կամ դրան առնչվող իրեր, պարագաներ հայտնաբերելու նպատակով: Հենց խուզարկության սկզբին պարոն Սեֆիլյանին ձերբակալել են: Այլ ինֆորմացիայի չեմ տիրապետում»:

Մեր մյուս հարցին, թե ձերբակալված երկու անձինք, արդյոք շարժման անդամնե՞ր են, Ավետիսյանը պատասխանեց կարճ՝ ոչ:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ մայիսի 20-ին Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները, պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով:

*

*