Դատարանը մերժեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը

Գևորգ Սաֆարյանը 3 ժամով հեռացվեց դատական նիստերի դահլիճից։
jirayr-dat3

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դատավորը ներկայացրեց պաշտպանների կողմից Տաթևիկ Գրիգորյանի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը. «Պաշտպան Արայիկ Պապիկյանի հունիսի 13-ին ներկայացված միջնորդությունը նախագահ դատավորի կողմից ինքնաբացարկ ներկայացնելու մասին մերժել` անհիմն լինելու պատճառով»:

Դատավոր Գրիգորյանը ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանին հորդորեց հարգալից վերաբերվել դատարանին, սակայն վերջինս շարունակում էր տեղից խոսել, ուստի դատավոր Գրիգորյանը որոշում կայացրեց 3 ժամով նրան հեռացնել դատական նիստերի դահլիճից: Այնուհետև դատավորը մեկ ժամ ընդմիջում հայտարարեց:

Հունիսի 13-ին մեկնարկած դատական նիստում դատավոր Տաթևիկ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը գրավոր տեսքով դատավորին էր հանձնել պաշտպան Արայիկ Պապիկյանը: Միջնորդությանը միացել էր նաև պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Միջնորդությանը դեմ էր հանդես եկել մեղադրող կողմը՝ դատախազ Պետրոս Պետրոսյանը:

*

*