Սարի Թաղում լրագրողի տեսախցիկը ջարդելու փաստով քրգործ է հարուցվել եւս մեկ անձի նկատմամբ

ՀՔԾ-ում շարունակվում է 2016թ. հուլիսին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ գործի քննությունը։
sari-tagh

Հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: Ծառայության հաղորդմամբ, քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի՝ Ա. Կ.-ի, նկատմամբ:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում Ա. Կ.-ն խոչընդոտել է իրեն տեսանկարահանող լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը՝ ջարդելով վերջինիս աշխատանքային գործիք հանդիսացող «Սոնի» ապրանքանիշի տեսախցիկը:

Այսպիսով՝ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում արդեն 7 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:

Հիշեցնենք, որ նույն քրեական գործով 6 անձանց մեղադրանքներ են առաջադրվել՝ առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, որոնցից 4-ի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

*

*