Ոստիկանությունում Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված միջադեպի վերաբերյալ կատարվում է քննություն

«Տեղեկացնենք, որ նախքան այդ հայտարարությունը ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ․․․»
samvel-babayan

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի հետ կապված միջադեպին։

«Քիչ առաջ Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկատվություն է հրապարակել մայիսի լույս 29 գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Տեղեկացնենք, որ նախքան այդ հայտարարությունը ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ և ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվել և այս պահին էլ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն»։

Ավելի վաղ Սամվել Բաբայանի գրասենյակից հաղորդագրություն էին տարածել՝ նշելով, որ մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները։

«Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ։ Այդ ճանապարահատվածի բոլոր հնարավոր տեսախցիկներն ու արագաչափերը ֆիքսել են «բանդայի» մրցավազքը»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։

*

*