Սամվել Բաբայանի համակիրների գործի շրջանակում երկու անձ կալանավորվել է

Մայիսի 30-ին Երևանում հայտնաբերվել և կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին էր բերման ենթարկվել 4 անձ
samvel-babayan

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի համակիրների հետ մայիսի 29-ին տեղի ունեցած դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում երկու անձ կալանավորվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Դատարանի որոշմամբ երկու անձ կալանավորվել է»,- ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված էր. «Մայիսի 29-ի գիշերը, ժամը 03:30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում , այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։ Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ»:

Մայիսի 30-ին Երևանում հայտնաբերվել և կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին էին բերման ենթարկվել Ալեքսեյ Բ.-ն, Հայկ Մ.-ն, Վրեժ Ա.-ն և Ռոլանդ Ա.-ն: Կասկածանքով բերման ենթարկվածներից Ալեքսեյ Բ.-ն ու Ռոլանդ Ա.-ն ձերբակալվել էին:

*

*